Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ նախնական տվյալներով հինգ տարում «Գազպրոմ Արմենիայի» 1000 աշխատակից է կրճատվելու:

Նշենք, որ այս պահի դրությամբ ընկերությունն ունի 6325 աշխատող:

Անդրադառնալով գազի սակագնին, Բաղրամյանն ասել է, սահմանին Հայաստանի համար Ռուսաստանի Դաշնությունից մատակարարվող գազի գնի բարձրացման գումարի տարբերությունը վճարում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը, և պետությունը որևէ պարտք չի կուտակում:

ՀԾԿՀ նախագահը հայտնել է նաև, որ այժմ մշակվում է փաստաթուղթ առաջիկա հինգ տարում գազի գնի ձևավորման մոտեցումների վերաբերյալ։

«Եթե չեմ սխալվում ռուսական «Գազպրոմից» մասնագետների խումբ է եկել, քննարկել ենք գազամատակարարման սխեման, որը մինչև 2030թ-ը սպասվող ներդրումային ծրագրերն են, ինչպես նաև քննարկվել են մոտեցումներ ներքին գնի ձևավորման մասին։ Բանակցությունները շարունակվում են, հենց որոշակի արդյունք ունենանք, հանգիստ եղեք, կասենք», - ասել է Բաղրամյանը։