Վրաստանի զբոսաշրջային ոլորտի կորուստը ռուս զբոսաշրջիկների ամրագրումների չեղարկումից հետո արդեն կազմում է մոտ 200 մլն դոլար:Այդ մասին հայտարարել է Վրաստանի հյուրանոցների և ռեստորանների ֆեդերացիայի հիմնադիր Շալվա Ալավերդաշվիլին:

Նա հավելել է նաև, որ ռուսաստանցի այցելուները չեղարկել են ամրագրումների մոտ 60 տոկոսը, հայտնում է «Sputnik Գրուզիան»:

«Սակայն ամրագրումների 40 տոկոսը, որ արվել էր ՌԴ-ից, ուժի մեջ է մնում և մարդիկ խնդրում են օգնել իրենց հասնել Վրաստան: Ուստի, մենք հիմա աշխատում ենք այլ ուղիներ գտնել, պայմանավորվում ենք մոտակա օդանավակայաններում չարթերային չվերթներ կազմակերպելու համար: Խոսքը Երևանի, Բաքվի և Տրաբզոնի օդանավակայանների մասին է: Դա թույլ կտա թեկուզ ինչ-որ բանով օգնել մեր զբոսաշրջիկներին, որոնք, այնուամենայնիվ, ուզում են գալ Վրաստան, և որ դա ավելի թանկ չլինի իրենց համար»,-ասել է Ալավերդաշվիլին:

Ցույցերը Վրաստանում դեռ շարունակվում են: Ցուցարարներն ամեն օր հավաքվում են Ռուսթավելիի պողոտայում և ցրվում են միայն լուսաբացին: