Հայաստանի Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է կայացրել, որի համաձայն՝ խորհուրդը նախագահի ընտրության հարցին կանդրադառնա ԲԴԽ անդամների բոլոր թափուր տեղերը համալրվելուց հետո` տասնօրյա ժամկետում: Որոշումը հրապարակված է ԲԴԽ կայքում։

Բարձրագույն դատական խորհրդը 2019թ. մայիսի 24-ից դադարած է համարել Գագիկ Հարությունյանի` Բարձրագույն դատական խորհրդի անդամի և նախագահի լիազորությունները:

Ներկայումս Բարձրագույն դատական խորհրդում առկա են անդամների թվով 4 թափուր տեղեր, որոնք ենթական են համալրման համապատասխանաբար Ազգային ժողովի և Դատավորների ընդհանուր ժողովի կողմից։ Բարձրագույն դատական խորհրդի նոր նախագահի ընտրությունը կատարվում է ԲԴԽ անդամի թափուր տեղը համալրվելուց հետո՝ տասնօրյա ժամկետում։

Բարձրագույն դատական խորհուրդն իր կազմից ընտրում է խորհրդի նախագահ` հաջորդաբար Ընդհանուր ժողովի և Ազգային ժողովի կողմից ընտրված անդամներից: ԲԴԽ նախագահի ընտրության համար գաղտնի քվեարկվում են համապատասխանաբար Ընդհանուր ժողովի կամ Ազգային ժողովի կողմից ընտրված բոլոր անդամների թեկնածությունները:

Հիշեցնենք, որ ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականին հետևել էին ԲԴԽ անդամներ Գևորգ Դանիելյանի, Արմեն Խաչատրյանի, Սերգեյ Մեղրյանի, Արմեն Բեկթաշյանի հրաժարականի դիմումները։ ԱԺ կողմից արդեն ընտրվել է երկու անդամ՝ Գրիգոր Բեքմեզյանը և Վիգեն Քոչարյանը։