Փետրվարի 2-ին կայացել է «Հայկական խաղող և գինի» գրքի շնորհանդեսը, որը նվիրված է հայկական խաղողագործության և գինեգործության մշակույթի ծագումնաբանությանն ու պատմությանը։

Երկլեզու աշխատության նպատակն է խթանել խաղողի ավանդական տեսակների պահպանումը և կայուն օգտագործումը՝ հանրային իրազեկության բարձրացման միջոցով։

Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունից տեղեկացնում են, որ միջոցառումը կազմակերպվել է ԳՄՀԸ «Կենսաբազմազանության ինտեգրված կառավարում Հարավային Կովկասում» (ԿԻԿ) ծրագրի կողմից՝ ՀՀ Գյուղատնտեսության նախարարության, Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի ու Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոնի (ԱՀԿՄԿ) հետ համագործակցությամբ։

«Այս գիրքը բոլոր այն ընթերցողների համար է, ովքեր գտնում են, որ գինին պարզապես խմիչք չէ, որը պատրաստվում է արտադրական եղանակով՝ անկախ դրա` հողի հետ ունեցած կապից, պատմությունից, ավանդույթներից, սոցիալական համատեքստից», - աղբյուրի փոխանցմամբ՝ այսպես է բնութագրել գիրքը համահեղինակներից մեկը։

«Հայկական խաղող և գինի» գիրքը մանրամասն տեղեկություն է պարունակում հայկական խաղողի և գինու մասին՝ սկսած խաղողի տեսակների և կլոնների (այդ թվում` տեղական և վտանգված տեսակների) բազմազանությունից մինչև այն վայրերի ավանդույթներն և մշակույթը, որտեղ խաղողի տեղական զարմանահրաշ տեսակներից պատրաստվում են բացառիկ գինիներ:

Գիրքը նպատակ ունի բարձրացնել կառավարության, գիտական և գործարար ոլորտների, ինչպես նաև այլ շահագրգիռ կողմերի իրազեկությունը՝ դրանով իսկ ընդգծելով Հայաստանում խաղողագործության և գինեգործության զարգացման հեռանկարներն ու հայկական խաղողի, գինու դերը միջազգային ասպարեզում:

Միջոցառմանը մասնակցել են ՀՀ կառավարության և նախարարության ներկայացուցիչներ, դեսպաններ, կրթական և գիտական հաստատությունների, միջազգային կազմակերպությունների, տեղական ՀԿ-ների և մասնավոր հատվածի ներկայացուցիչներ:

Գրքի արժեքը 38,000 դրամ է. վաճառքից ստացված ամբողջ հասույթը կուղղվի գրքի վերահրատարակությանը, ինչպես նաև Հայաստանում խաղողի աբորիգեն և վտանգնված գինեմետ տեսակների ուսումնասիրութանը, պահպանությանը և կայուն օգտագործմանը:

«Կենսաբազմազանության Ինտեգրված Կառավարում Հարավային Կովկասում» (ԿԻԿ) ծրագիրն իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (BMZ) պատվիրակմամբ: Ծրագրի նպատակն է գործընկերների հետ միասին մշակել ռազմավարություններ՝ ուղղված կենսաբազմազանության և էկոհամակարգային ծառայությունների կայուն կառավարմանը ոլորտային և վարչական շրջանակներում: