Ռուսական «Սիստեմա» ԲՖԿ հիմնական բաժնետեր և սեփականատեր Վլադիմիր Եվտուշենկովը Մոսկվայում հայտարարել է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կշարունակի մնալ «Սիստեմա» բաժնետիրական ֆինանսական կորպորացիայի տնօրենների խորհրդի կազմում, քանի որ ընկերությունը կարծում է, որ նրա դեմ ընթացող դատավարությունը քաղաքական է:

Նա հավելել է, որ Քոչարյանն ընկերության տնօրենների խորհրդի անդամ է արդեն 10 տարի։

«Ես կցանկանայի հետևյալ իրազեկումն անել: Ինչպես գիտեք, տարիներ շարունակ տնօրենների խորհրդի անդամ է եղել ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Այսօր, ինչպես գիտեք, նա նորից կալանավորված է։ Քանի որ, առաջին հերթին, չկա մեղադրանք, երկրորդ՝ նրա դեմ դատավարությունն ակնհայտորեն քաղաքական է, մենք անհրաժեշտ համարեցինք Ռոբերտ Քոչարյանին ընդգրկել տնօրենների խորհրդի նոր կազմում։ Նա տվել էր վերընտրվելու իր համաձայնությունն այն ժամանակահատվածում, երբ ազատության մեջ էր։ Ուստի, կարծում ենք, որ այդպես ճիշտ է: Ես ձեզ տեղեկացնում եմ, որ այդպիսի որոշում է կայացվել», - ասել է Եվտուշենկովը Մոսկվայում կայացած «Սիստեմա» ԲՖԿ-ի բաժնետերերի տարեկան ժողովի ժամանակ։