Այս տարի հուլիսի 4-ին լրանում է Հայաստանի ազգային գրադարանի պետական կարգավիճակ ստանալու 100-ամյակը: Հուլիսի 2-ից կմեկնարկեն հոբելյանական միջոցառումները:

Հուլիսի 4-ին, ժամը 14:00-ին Թամանյանական մասնաշենքում «Անտարես» հրատարակչության հետ համատեղ կկազմակերպվի մրցանակաբաշխություն: Հայաստանի ազգային գրադարանում կհանդիպեն 10 ամենաընթերցասեր այցելուները և ամենաընթերցված հայ ժամանակակից գրողները: 2018թ-ի լավագույն 10 ընթերցողներին կշնորհվի խրախուսական մրցանակներ։ Պատվոգրերի կարժանանան նաև գրադարանի երկարամյա աշխատակիցները: Տոնական միջոցառումը կուղեկցվի համերգային ծրագրով: Հոբելյանական միջոցառման շրջանակում այդ օրը կբացվի նաև «Գրադարանի պատմությունը՝ լուսանկարներում» խորագրով ցուցադրությունը. փոքր ցուցասրահում կներկայացվեն հետաքրքիր լուսանկարներ գրադարանի արխիվից:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հաղորդմամբ, հոբելյանական միջոցառումների շրջանակում ողջ տարվա ընթացքում նախատեսվում են նաև գիտական ընթերցումներ, դասախոսություններ, ցուցադրություններ և այլ միջոցառումներ:

Ազգային գրադարանը գրադարանագիտական, մատենագիտական, մեթոդական և տեղեկատվական համա­պետական գիտա- հետազոտական կենտրոն է: ՀԱԳ-ը հայ տպագիր արտադրանքի ամենամեծ պահոցն է աշխարհում: Գրադարանի հարուստ գանձարանում պահպանվում են հայերեն առաջին տպագիր գիրքը՝ «Ուրբաթագիրքը» (1512թ., Վենետիկ), առաջին պարբերականը՝ «Ազդարարը» (1794թ., Մադրաս), առաջին տպագիր քարտեզը` «Համատարած աշխարհացոյցը» (1695թ., Ամստերդամ):

Գրադարանի հավաքածուն 2015թ. հունվարի 1-ի դրությամբ կազմում է ավելի քան 6,3 մլն հաշվառային միավոր: Դրանք գրքեր, ամսագրեր, լրագրեր, քարտեզներ, պլակատներ, ատենախոսություններ, նոտաներ, բացիկներ, նամականիշներ, օրացույցներ, մատենանիշներ, թղթադրամներ, տեսալսողական և էլեկտրոնային (CD, DVD) կրիչներ են:

ՀԱԳ-ի պատմության սկիզբը համարվում է 1832թ-ը, երբ հիմնադրվել է Երևանի Արական գիմնազիայի գրադարանը, որի 18.000 միավոր հավաքածուի հիման վրա կազմավորվել է Հայաստանի ազգային գրադարանը: 1925-1990թթ. գրադարանը կրել է նշանավոր պետական և հասարակական գործիչ Ալ. Մյասնիկյանի անունը, իսկ 1990թ. վերանվանվել է Հայաստանի ազգային գրադարան: Հիմնադրման 150-ամյակի առթիվ գրադարանը 1982թ. պարգևատրվել է «Ժողովուրդների բարեկամություն» շքանշանով: Գրադարանը տեղավորված է 4 մասնաշենքում: Ամենահինը Ալ. Թամանյանի նախագծած գլխավոր մասնաշենքն է (1939թ.): Թամանյանական մասնաշենքի կառուցումը ֆինանսավորել են Խորհրդային Հայաստանի կառավարությունը և «Գրիգոր և Կարապետ Մելքոնյան» հիմնադրամը: Այնուհետև շենքը հիմնանորոգվել է 2008-2011թթ-ին` այս անգամ ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ: Տարբեր տարիներին գրադարանի ընթերցողներ են եղել հայ անվանի գրողներ Ավետիք Իսահակյանը, Դերենիկ Դեմիրճյանը, Պարույր Սևակը, Նաիրի Զարյանը, հայտնի գիտնականներ Վիկտոր Համբարձումյանը, Սերգեյ Մերգելյանը, Ջոն Կիրակոսյանը, Էդուարդ Ջրբաշյանը և շատ ուրիշներ: Օրական շուրջ 900 ընթերցող է այցելում գրադարան: Տարվա ընթացքում օգտվողներին տրվում է 1,5 մլն միավոր գրականություն: