Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հերոսի կոչում է շնորհել Չերնոբիլի ԱԷԿ-ում վթարի հետևանքների վերացման մասնակիցներ Ալեքսեյ Անանենկոյին, Վալերի Բեսպալովին և Բորիս Բարանովին՝ հետմահու: Նախագահի պաշտոնական կայքում ասվում է, որ նրանք, վտանգելով կյանքը, կանխել են երկրորդ պայթյունը, գրում է openmedia.io-ն:

Հերոսի կոչումը շնորհվել է վթարից 33 տարի անց: Հատկանշական է,, որ հերոսի կոչման արժանացածների սխրանքը դարձել է НВО-ի «Չերնոբիլ» սերիալի դրվագներից մեկը:

Ավագ ինժեներ-մեխանիկ Անանենկոն, տուրբինների մասնաշենքի ինժեներ Բեսպալովը և հերթափոխի պետ Բարանովը ակվալանգներով սուզվել են բարբոտեր-ավազանը, որը գտնվում էր ռեակտորի պաշտպանիչ շերտի տակ և բացել են փականները՝ դուրս թողնելով ջուրը: Արդյունքում հաջողվել է խուսափել շիկացած ռադիոակտիվ նյութի և հեղուկի կոնտակտից: