Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք E-draft.am-ում հրապարակված է հակակոռուպցիոն ռազմավարության նախագիծը, որով նոր հակակոռուպցիոն մարմնիստեղծումը ենթադրում է Հատուկ քննչական ծառայության՝ ՀՔԾ լուծարումը։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը։

«Բայց դա դեռևս նախագիծ է, կոնկրետ օրենք այս պահին շրջանառության մեջ դրված չկա, ապրենք, կտեսնեք»,- նշել է նա, հայտնում է Panorama.am-ը։

Անդրադառնալով այն հարցին, թե հնարավո՞ր է պաշտոնին հրաժեշտ տա՝ Խաչատրյանն ասել է.

«Դա ես չեմ որոշում»։

Այն հարցին, թե իշխանափոխությունից հետո մեկ տարում դատախազական համակարգում նկատելի են արդյոք փոփոխությունները՝ ՀՔԾ պետը պատասխանել է.

«Կարծում եմ, որ դրական առումով փոփոխություններ կան, բայց չմեկնաբանեմ»։

Խաչատրյանը չի հաստատել և չի հերքել այն տեղեկությունը, որ «Մարտի 1»-ի քրեական գործի շրջանակում հարցաքննվել է Արցախի նախագահ Բակո Սահակյանը:

«Ոչ հաստատում եմ, ոչ հերքում։ Այսօր «Մարտի 1» գործից չենք խոսում, տոն է, եկեք օրվա խորհրդի մասին խոսենք»,- ասել է նա։