Կոռուպցիա ասելով՝ չպետք է հասկանալ նախկին կամ ներկա կոռուպցիան, կոռուպցիան կոռուպցիա է: Այդ մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է դատախազների ընդհանուր ժողովի ժամանակ՝ հավելելով, որ կոռուպցիայի դեմ պայքարում դատախազության գործունեությունն ավելի արդյունավետ պետք է լինի։

Նշենք, որ հուլիսի 1-ին Դատախազության աշխատողի օրն է։

«Կոռուպցիա ասելով՝ այսպես ասած, նախկին կամ ներկա կոռուպցիան չպետք է հասկանանք, կոռուպցիան կոռուպցիա է: Կոռուպցիան կոռուպցիա է անկախ նրանից, թե դա նախկին պաշտոնյա է թույլ տվել, թե այսօր գործող պաշտոնյա»,- ասել է Փաշինյանը։

Վարչապետը հավելել է, որ Հայաստանում յուրաքանչյուր մարդ պետք է զգա, որ պաշտպանված է՝ դրանում դատախազությունը պետք է առաջնորդող դեր ունենա։ Փաշինյանը դատախազության գործունեությունը 2018թ-ին գնահատել է արդյունավետ։

«Սա չի նշանակում անթերի...Կարծում եմ՝ վերջին մեկ տարվա ընթացքում Դատախազությունը հստակ ի ցույց դրեց, որ նոր Հայաստանի դատախազություն է և պատրաստ է այն առաքելությանը, որ ժողովուրդը դնում է նրա առաջ»,- ասել է վարչապետը