Համատեղությամբ աշխատած ժամանակահատվածը կհաշվառվի աշխատանքային մասնակի կենսաթոշակի իրավունք տվող ստաժում: Համապատասխան նախագիծը դրվել է ԱԺ քվեարկության և ամբողջությամբ ընդունվել 102 կողմ ձայներով:

ԱԺ արտահերթ նիստում քննարկվել է «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, հայտնում է Aysor.am-ը:

Հիմնական զեկուցող ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանը նշել է, որ առաջարկվում է օրենքից հանել այն դրույթը, համաձայն որի՝ համատեղությամբ աշխատած ժամանակահատվածը մասնակի կենսաթոշակի իրավունք տվող ստաժում չի հաշվառվում:

«Գործող իրավակարգավորումներով, եթե անձը աշխատել է համատեղությամբ, ապա այդ ժամանակահատվածը նրա մասնակի կենսաթոշակի իրավունք տվող ստաժում չի հաշվվում: Մենք առաջարկում ենք հանել այս իրավակարագավորումը, ինչը նշանակում է, որ համատեղությամբ աշխատած ժամանակահատվածը հետայսու ևս կհաշվառվի աշխատանքային մասնակի կենսաթոշակի իրավունք տվող և դրա չափը հաշվարկելու համար հիմք ընդունվող աշխատանքային ստաժում», - ասել է փոխնախարարը: