Արդարադատության նախարարության առաջարկած նախագծով որևէ ԶԼՄ-ի չի պարտադրվում հաշվառվել: Արդարադատության նախարարությունից շարունակում են պարզաբանումներ ներկայացնել www.e-draft.am հարթակում հանրային քննարկման ներկայացրած նախագծի շուրջ հնչած մտահոգությունների վերաբերյալ։

«Նախագծի նպատակը Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալների բազան ԶԼՄ-ների համար անվճար դարձնելն է:

Ի պատասխան մասնագիտական շրջանակում տարածված մտահոգության՝ հայտնում ենք, որ նշված օրենքով նախատեսվող փոփոխությամբ որևէ ԶԼՄ-ի չի պարտադրվում հաշվառվել:

Հաշվառումը նախատեսվել է մեկ նպատակով՝ նույնականացնել այն լրատվամիջոցներին, որոնք կկարողանան անվճար օգտվել Ռեգիստրի տվյալների բազայից: Հաշվառված և չհաշվառված լրատվամիջոցների տարբերությունը կայանալու է նրանում, որ չհաշվառված լրատվամիջոցները Ռեգիստրի տվյալների բազայից անվճար չեն օգտվելու: Այս համատեքստում, եթե մասնագիտական հանրությունը շարունակում է ԶԼՄ-ների մասով որևէ խնդիր տեսնել (իսկ նման խնդիր, մեր գնահատմամբ, Նախագծի ընդունմամբ չի առաջանում), Արդարադատության նախարարությունը բաց է քննարկման համար և սպասում է կառուցողական առաջարկների:

Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ www.e-draft.am հարթակը ստեղծվել է պետական մարմինների կողմից ներկայացված նախագծերը հանրային քննարկման ներկայացնելու և մասնագիտական շրջանակից կարծիք ստանալու համար»,- նշում են նախարարությունից։

Հիշեցնենք, նախագիծը մտահոգություններ էր առաջացրել լրագրողական կազմակերպությունների ներկայացուցիչների շրջանակում։