Ազգային կինոկենտրոնի 2019թ-ի մրցույթում պետական ֆինանսավորմամբ ընտրված լիամետրաժ նախագծերից ամենաշատ գումար (30 միլիոն) հատկացվել է Ամբեր Կարլինսի «Ամերիկացի երախտավորները» ֆիլմին: Ֆիլմի գլխավոր պրոդյուսեր Մանվել Սարիբեկյանի խոսքով՝ կինոկենտրոնի տված գումարը նախագծի ընդամենը 25-ից 30 տոկոսն է:

«Ամերիկացի երախտավորները» վավերագրական խաղարկային ֆիլմ է, ծրագիրն իրականացնում է «Ման փիքչըրս» ստուդիոն: Պրոդյուսեր Մանվել Սարիբեկյանի փոխանցմամբ՝ սա «Ման փիքչըրս»-ի «Երախտագիտության քարտեզ» խորագրով երկրորդ հեղինակային ֆիլմն է:

Առաջինը՝ «Փրկության քարտեզ» ֆիլմն է, որը նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: «Փրկության քարտեզ»-ը փաստագրական ֆիլմ է, որը պատմում է եվրոպացի 5 հումանիստ կանանց մասին, ովքեր Հայոց ցեղասպանության ականատեսն են եղել և իրենց կյանքի լավագույն տարիները նվիրել են Հայոց ցեղասպանությունից հրաշքով փրկված հայ երեխաներին և կանանց:

Երկրոդը՝ դեռևս նախապատրաստական փուլում գտնվող «Ամերիկացի երախտավորներ»-ն է: Ֆիլմի նկարահանումները նախատեսված է սկսել սեպտեմբերից, ավարտել 2020թ-ի ապրիլին:

«Իհարկե՝ ես այնքան էլ չեմ ընդունում, որ ցեղասպանության մասին ֆիլմերը միշտ ապրիլ ամսին են ցուցադրվում, սա մի այնպիսի թեմա է, որը նաեւ փաստագրություն է, ուստի պետք է կլոր տարին այս թեման բարձրաձայնվի»,- ասել է պրոդյուսերը: Վավերագրական ֆիլմի նպատակն է ստեղծել կինոփաստաթուղթ, որը կնպաստի ոչ միայն ցեղասպանությունների ճանաչման, այլև ցեղասպանվածների և նրանց սերունդների պահանջատիրության և հատուցման գործընթացին:

Ֆիլմի պրոդյուսեր Մանվել Սարիբեկյանը հայտնել է, որ ֆիլմի ստեղծման գլխավոր նպատակն է մոռացությունից վեր հանել և ճանաչելի դարձնել ազգերի փրկության գործի նոր նվիրյալների անունները: Ֆիլմում որպես ոչ շահագրգիռ կողմի տեսակետ, պատմության անհերքելի իրողությունները ներկայացվելու են այլազգի հետազոտողների և պատմական հերոսների միջոցով: Այս մասին գրում է «Հայկական ժամանակ»-ը։

Ֆիլմի պատմական ժամանակների գլխավոր հերոսներն են.

Հենրի Մորգենթաու՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանը Օսմանյան կայսրությունում, Կլարա Բարտոն՝ Ամերիկյան Կարմիր խաչի հիմնադիր, Լեսլի Դևիս՝ Գրող, հասարակական գործիչ, Ամերիկայի Միացյալ Նահանգների հյուպատոսը Խարբերդում, Քենթ Ջենինգս՝ Միսիոներ, «Երիտասարդ մարդկանց քրիստոնեական կազմակերպության» անդամ, Վիլյամ Շեդ՝ միսիոներ, Ամերիկայի Միացյալ Նահանգների հյուպատոսը Ուրմիայում:

Մանվել Սարիբեկյանի խոսքով՝ այդ 5 հերոսներից բացի՝ ֆիլմում էպիզոդիկ դերակատարում ունեն նաև այլ հասարակական-քաղաքական և արվեստի գործիչներ:

Ֆիլմի ռեժիսորը Դիանա Սկայան է: Ռեժիսորն ազգությամբ հայ է, սակայն 20 տարուց ավելի է՝ ապրում է Կանադայում:

Ամերիկացի գրողը և պատմության հետազոտողը, որպես ֆիլմը պատմողներ, ուսումնասիրելով 20-րդ դարի սկզբին իրենց երկրում կատարված իրադարձությունները, ներկայացնում են այդ տարիներին Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից պետականորեն իրականացրած հումանիտար օգնության մանրամասները, որոնց շնորհիվ հազարավոր տեղաբնակ հայեր, հույներ, ասորիներ, եզդիներ, ինչպես նաեւ ոչ իսլամադավ այլ ժողովուրդներ փրկվել են Օսմանյան Թուրքիայի ծրագրավորած ու իրագործած ցեղասպանությունից:

Վավերագրական ֆիլմում հերոսներն իրենց հետազոտությունները կառուցում են միմյանց հետ կապակցված բացահայտումների և վերլուծությունների ճանապարհով: Բացելով ԱՄՆ-ի Պետքարտուղարության և այլ կառույցների արխիվները, հետազոտողներն ի հայտ են բերում եւ ներկայացնում ամերիկացի այն միսիոներներին, պետական եւ հումանիտար կառույցների գործիչներին, որոնք ականատես լինելով կոտորածներին ու տեղահանումներին՝ մեծ ջանքեր են գործադրել դրանք կանխարգելելու, իսկ հետագայում նաև փրկելու միլիոնավոր գաղթականների, որբերի և թուրքական հարեմներում ստրկացված քրիստոնյա կանանց:

Ոսումնասիրություններն այնուհետև նրանց տանում են պատմական իրադարձությունների վայրերով՝ Թուրքիա, Հունաստան, Լիբանան, Սիրիա, Իրան և Հայաստան, որտեղ էլ տարբեր դրվագներ են նկարահանվելու ֆիլմից: