Ռոբերտ Քոչարյանի գործով Վերաքննիչ քրեական դատարանի որոշումները կայացվել են դատավարական նորմերի ու իրավունքների կոպիտ խախտումներով։ Ընթացող ասուլիսում նման գնահատական տվեց ՀՀ երկրորդ նախագահի փաստաբանական խմբի անդամ Հովհաննես Խուդոյանը։

«Որոշումների հրապարակումից հետո էլ այդ խախտումները դեռ չեն վերացվել, դատարանը կամայական մեկնաբանություններով շարունակում է խոչընդոտել և վնասել պրոցեսին։ Առաջիկայում կպարզաբանենք, թե ինչ եղանակով»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ Արմեն Դանիելյանի, հունիսի 25-ին բավարարել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի գործով դատախազության, տուժողների ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի բողոքները։

Նրանք բողոքարկել էին մայիսի 18-ի՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումը փոփոխելու և նույն դատարանի մայիսի 20-ի՝ քրեական գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու որոշումը: