Ռազմարդյունաբերական ոլորտում Ֆրանսիա-Ադրբեջան համագործակցությունը մշտապես հայկական կողմի ուշադրության կենտրոնում է: Այդ մասին հուլիսի 3-ին հրավիրված ճեպազրույցում ասել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը՝ պատասխանելով Ֆրանսիայի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու՝ մամուլի հրապարակումների մասին հարցին, հայտնում է «Հայկական ժամանակը»:

Նաղդալյանը նաև հավելել է, որ դեռևս փետրվարի 5-ին Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող կոմիտեի կողմից կազմակերպված միջոցառման ժամանակ Էմանուել Մակրոնը նշել է, որ Ֆրանսիան, ի տարբերություն այլ պետությունների, միակ երկիրն է, որը խստորեն պահպանում է էմբարգոյի իր պարտականությունները:

«Մակրոնն ասել է, որ Ֆրանսիան երբևէ Ադրբեջանին չի վաճառի այնպիսի զենք, որը կարող է օգտագործվել Արցախում»,- ասել է Աննա Նաղդալյանը:

Նրա խոսքով, տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքի հարցը Հայաստանը մշտապես բարձրացնում է ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում: