Վրացագետ Ջոնի Մելիքյանը ռուս-վրացական հարաբերությունները շատ սպեցիֆիկ է համարում։ Նա այսպիսի տեսակետ հայտնեց «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի կողմից կազմակերպված «Վրաստան-Հայաստան. ինչպե՞ս արձագանքել ռուս-վրացական լարվածությանը» թեմայով քննարկման ժամանակ՝ մանրամասնելով.

«Մի կողմից միմյանց հետ ունենալով խնդիրներ՝ երկու երկրները մյուս կողմից ինչ-որ պահի տնտեսական ակտիվ համագործակցություն են ծավալում։ Վերջին 2-3 տարիների ընթացքում Ռուսաստանի և Վրաստանի միջև բավական մեծ աճ գրանցվեց նաև տուրիզմի տեսանկյունից, ինչը Վրաստանի տնտեսությանը բավական լուրջ գումարներ էր բերում։ Տրանսֆերտների հետ համատեղ վերցված՝ խոսքը գնում է մինչ 1-1,5 միլիարդ դոլարի մասին, ինչը բավականին լուրջ թիվ է»։

Նրա խոսքով՝ 2008թ-ից որակապես փոխվեցին ռուս-վրացական հարաբերությունները, այնտեղ մտավ պետական պրոպագանդան և տարբեր միջազգային հարթակներում Վրաստանն անընդհատ ՌԴ դեմ սկսեց միջազգային հարթակներում փաստաթղթեր հաստատել։

Ինչ վերաբերում է Վրաստանում տեղի ունեցած վերջին իրադարձություններին՝ Մելիքյանն ասել է.

«Մոսկվան չկարողացավ չարձագանքել, դրանց, բայց չէի ասի, թե արձագանքը կոշտ էր։ Ռուս զբոսաշրջիկները հիմնականում Վրաստան ժամանում են Լարսով՝ սեփական ավտոմեքենաներով։ Ինչ վերաբերում է Թբիլիսիին, ապա այնտեղ բողոքի ակցիաները հիմա էլ շարունակվում են, բայց դրանց մասնակիցների թիվը նվազել է»։

Անդրադառնալով հարցին, թե այս ամենի նկատմամբ ինչ վերաբերմունք ունեն թուրք-ադրբեջանական ուժերը՝ «Ջավախք» հիմադրամի տնօրեն Արմեն Ավետիսյանն ասել է, որ այդ տանդեմին միանշանակ ձեռնտու է, որ ռուս-վրացական հարաբերությունները վատթարանան, սակայն դրանց կարգավորման գործում հայկական կողմը պետք է մեծ դերակատարություն ունենա՝ չվնասել կարգախոսով։

«Հայական կողմը պետք է կարողանա այնպիսի միջնորդություն ցուցաբերել, որպեսզի չվնասի հայ-վրացական և հայ-ռուսական հարաբերությունները», - շեշտել է նա։

Խոսելով ներքաղաքական հետևանքներից՝ Ավետիսյանն ասել է, որ հնարավոր է իշխանությունը ձևավորվի կոալիցիոն սկզբունքով։

«Ցուցարարների միայն մեկ պահանջ է մնացել չիրականացված, բայց վստահ եմ, որ Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիան հրաժարական չի տալու։ Իշխանությունը թույլ չի տա, որ նա հրաժարական տա։ Գախարիան «Վրացական երազանքի» ողնաշարն է։ Նրա հրաժարականը նշանակում է իշխանության հանձնում», - հավելել է նա։