Լրագրող Ոսկան Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Սահմանագոտում շատերը դարդերի մեջ են, ոմանք՝ հաճույքների։ Տավուշի մարզում գյուղեր կան, որ ամռան տապին խմելու ջուր չունեն, սահմանամերձ Կիրանցի հանրակրթական դպրոցի շենքը վթարային է, Ռուսաստանից սահմանամերձ Ոսկեվանում վերաբնակված, անչափահաս 7 երեխա ունեցող Սեդրակ Ղազարյանի խիստ կարիքավոր ընտանիքին պետությունը ոչ մի օգնություն չի ցուցաբերել։ Պետությունը, ի դեմս Տավուշի մարզպետարանի, շարունակում է պետական բյուջեի փողերով միջոցառումներ և տոներ կազմակերպել։ 2018թ․ դեկտեմբերին մարզպետարանը 550 հազար դրամ է հատկացրել «Մշակութային ստուգատես» միջոցառման անցկացման համար, 2019թ․ մարտի 29-ին Տավուշի մարզպետը որոշում է ընդունել Տավուշի մարզպետարանին հատկացված միջոցներից 899,9 հազար դրամ ուղղել «Գարնանային զարթոնք» միջոցառման կազմակերպմանը։ Ապրիլի 27-ին Իջևան քաղաքում, Քաղաքացու օրը նշելու համար, 8 միլիոն դրամ է հատկացվել «Հեփի ինվենտ» ՍՊԸ-ին, 2019թ․ հուլիսի 28-ին Տավուշում Վարդավառին նվիրված միջոցառում կազմակերպելու համար Տավուշի մարզպետարանը 1 միլիոն 80 հազար դրամ է հատկացրել։

Մեր մուծած հարկերից գոյացած պետական գումարներով միջոցառումներ անցկացնելու համար մեր՝ քաղաքացիների, կարծիքն ինչո՞ւ չեն հարցնում»։