Կառավարությունն այսօրվա նիստին որոշել է 4 միլիարդ դրամ հատկացնել Ջրօտագործողների ընկերությունների կրեդիտորական պարտավորությունների մարման նպատակով։ Այդ գումարը հատկացվելու է Ջրօգտագործողների ընկերություններին։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հաղորդմամբ՝ գումարը տրամադրվում է այս տարվա ոռոգման շրջանը պատշաճ և արդյունավետ կազմակերպելու համար։

Ըստ նախարարության, Ջրօգտագործողների ընկերությունները կուտակել են, մասնավորապես, վերջին տարիների սակավաջուր և չորային եղանակի հետ կապված ոռոգման համակարգում իրականացված մեխանիկական ջրարտադրությունից առաջացած էլեկտրաէներգիայի հսկայական պարտքեր:

2018թ-ի ընթացքում կուտակված պարտքերից 6,941 մլրդ դրամ գումարի մարման համար «Ամերիա բանկ» ՓԲԸ-ից վերցվել է վարկ, որի վերադարձը, ըստ կնքված պայմանագրերի, սահմանվել էր մինչև ապրիլի 1-ը: Հատկացվող 4 միլիարդ դրամն ուղղվելու է այդ վարկի մարմանը։

«Ընկերություններն իրենց գործունեության արդյունքում ստացած եկամուտներով առաջնահերթության կարգով մարել են առևտրային բանկերում ունեցած վարկերը՝ լրացուցիչ տույժեր չառաջացնելու համար, հետաձգելով շահագործման համար նախատեսված ծախսերը՝ այն նկատառումով, որ այդ ծախսերը կկատարվեն ավելի ուշ»,- գրված է գործադիր ներկայացված որոշման նախագծում։

Նախարարությունը Կառավարությանը հայտնել է, որ ՋՕԸ-երի կուտակած մեծ պարտքերի, հարկային ժամկետանց պարտավորությունների և մյուս կրեդիտորական պարտավորությունների համար ՋՕԸ-երի բանկային հաշիվների վրա կիրառվել են արգելանքներ, որը խոչընդոտում է ոռոգման շրջանը կազմակերպելուն։