Ղազախստանում մտադիր են սահմանափակումներ սահմանել օտարերկրյա համարներով ավտոմեքենաների շահագործման համար, այդ թվում գրանցված Հայաստանում, Ղրղզստանում և ՌԴ-ում: Այդ մասին հայտարարել է Ղազախստանի ՆԳ նախարար Երլան Տուրգումբաևը, հայտնում է TengriNews-ը:

«Շատ են բողոքները ՀՀ, Ղրղզստանի և ՌԴ տարածքում գրանցված մեքենաներից, որոնք խախտում են ճանապարհային երթևեկության կանոնները»,- ասել է նախարարը:

Ըստ նրա, վարորդների հանդեպ ոչ մի միջոց հնարավոր չի լինում կիրառել, քանի որ ավտոտրանսպորտը Ղազախստանում գրանցված չէ: Որպեսզի Ղազախստանում չգրանցված տրանսպորտը չօգտագործվի ձեռնարկատիրական գործունեության համար, հանրապետության քաղաքացիներին կարգելեն օգտվել դրանից ուղևորափոխադրումների, ուղեբեռների տեղափոխման ժամանակ:

Բացի այդ ՆԳՆ-ն առաջարկել է պարտադիր ժամանակավոր գրանցում սահմանել նման ավտոմեքենաների համար, որոնք ներկրվում են ավելի քան 10 օրով:

«Եթե մեքենան տարանցիկ է, այն կարող է 10 օրում հատել երկիրը: 10 օրից տրանսպորտը պետք է ժամանակավոր գրանցվի»,- ասել է ղազախստանցի պաշտոնյան: