Ֆոսֆորի քանակը Սևանա լճում նվազում է, առաջիկա 7-10 օրերի ընթացքում ջրի կանաչ գույնը կվերանա: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն՝ անդրադառնալով լճի՝ կրկին կանաչ ջրիմուռներով պատվելու՝ «ծաղկելու» խնդրին։

Նախարարը նշել է, որ նպաստող գործոնները մի քանիսն են՝ ներառյալ մարդկային գործոնը և գլոբալ տաքացումը, հայտնում է Aysor.am-ը։

«Ուսումնասիրություների առաջին փուլն արդեն ավարտված է։ Օրինակ՝ ֆոսֆորի տվյալները լճի ջրում ավելացել են։ Մաքրման 3 կայանները միայն մեխանիկական մաքրում են իրականացնում, իսկ ահա ջրի որոկի լավացում՝ ոչ։ Ֆոսֆորի քանակն այժմ նվազում է, և ըստ մասնագետների՝ առաջիկա 7-10 օրերի ընթացքում ջրի կանաչ գույնը կվերանա», - ասել է Էրիկ Գրիգորյանը։

Նախարարը նշել է նաև, որ Սևանի ջրառը 2019թ-ին շատ ավելի ցածր է, քան 2018-ին՝ մոտ 15-20 մլն խ/մ չափով նվազ է

«Բացի դրանից՝ ջրամբարներում էլի ջուր կա, այնպես որ ավել ջրառ չի եղել։ Բայց ընդհանրապես կուտակային մի քանի գործոններ կան. դա և՛ կեղտաջրերի հոսքն է, և՛ անտառային ափամերձ տարածքների մաքրումը, և՛ ռեստորաններն ու հյուրանոցները։ Մեծ քանակի աղտոտումներ են իրականացվում, նաև կոմունալ-կենցաղային աղտոտումը, որն էականորեն ավելացել է։ Բացի դրանից՝ ջերմաստիճանը։ Տեղումները մայիսին բավականին քիչ են եղել Սևանի շրջանում, քամիների պատճառով մեծ գոլորշացում է եղել», - ասել է նախախարը։

Նա միաժամանակ տեղեկացրել է՝ հաշվարկներ են կատարվել պարզելու, թե որքան ափամերձ տարածք պետք է մաքրվի, և 2-3 տարվա ընթացքում հնարավոր կլինի արդյոք Սևանի մակարդակը զգալի բարձրացնել։

«Ջրում ճահճացած տարածքներն ամբողջությամբ ուսումնասիրվել են՝ 2 մասնագիտական խմբերով, դրոններով, տիեզերական պատկերներով։ Մոտ 770 հա տարածքի մասին է խոսքը, և այս տարի արդեն մաքրման մրցույթ է հայտարարված։ Կանենք ավելին, քան նախատեսված է։ 2020-2021թթ.այս ամբողջ տարածքը կմաքրվի», - ասել է Էրիկ Գրիգորյանը։