Ֆրանսիայի Հանրապետական գվարդիայի լարային քառյակը համերգով հանդես կգա Երևանում։

Ֆրանսիայի ազգային տոնի կապակցությամբ, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության հրավերով՝ 2019թ-ի հուլիսի 13-ին Երևանի Արամ Խաչատրյան համերգասրահում հանդես կգա Ֆրանսիայի Հանրապետական գվարդիայի լարային քառյակը, որը նվագակցելու է Ֆրանսիական բանակի երգչախմբի մենակատար Ժերեմի Դելվերը:

Համերգի առաջին մասում կհնչի դասական երաժշտություն և հակիրճ կներկայացվեն այնպիսի մեծ կոմպոզիտորներ, ինչպիսիք են Բախը, Հենդելը, Մոցարտը, Մենդելսոնը և Ռավելը: Երկրորդ մասը՝ Շառլ Ազնավուրի կյանքը ներկայացնող յուրօրինակ երաժշտական ճամփորդություն է լինելու: Երեկոյի ընթացքում կկատարվեն նրա ամենահայտնիներից՝ "La Bohème" և "Emmenez-moi" երգերը, ինչպես նաև այլ գործեր: "L’hymne à l’amour" և "Les moulins de mon cœur" երգերի միջոցով անդրադարձ կլինի Էդիտ Պիաֆի և Միշել Լeգրանի հետ մեծ շանսոնյեի բարեկամությանը:

1848թ-ին ստեղծված Ֆրանսիայի Հանրապետական գվարդիայի նվագախմբի կազմում ընդգրկված է 120 արհեստավարժ երաժիշտ: Ֆրանսիայում մեծ ճանաչում ունենալուց բացի, նվագախումբը մեծ հաջողություններ է արձանագրել նաև միջազգային ասպարեզում: Համույթը հանդես է գալիս տարբեր ձևաչափերի նվագախմբերով՝ փողային, սիմֆոնիկ և լարային: