Խորեոգրաֆիայի պետական թատրոնի նախկին տնօրեն Գայանե Կարապետյանը դատի էր տվել մշակույթի նախարարությանը:

Կարապետյանը ասել է, որ դատաքննությունն ավարտված է, հուլիսի 4-ին կհրապարակվի վճիռը:

«Բոլոր փաստերը հիմնավոր կերպով ներկայացվեցին մեր կողմից, նախարարությունը հակառակ փաստարկներ չկարողացավ ներկայացնել»,- ասել է Գայանե Կարապետյանը, գրում է «Հայկական ժամանակ»-ը։

Կարապետյանը դատարան է դիմել ընդդեմ մշակույթի նախարարության: Հայցապահանջն իրեն աշխատանքից ազատելու հրամանն անվավեր ճանաչելու և հարկադիր պարապուրդի դիմաց գումար բռնագանձելու պահանջի մասին է:

Խորեոգրաֆիայի թատրոնի նախկին տնօրենը հայտնել է, որ անկախ դատավարական պրոցեսներից և վերջին մի քանի ամիսների լարվածությունից՝ շարունակում է զբաղվել մշակութային գործունեությամբ: Վերջինս ակտիվ կապ է պահում թատրոնի անձնակազմի հետ, որն այդպես էլ չընդունեց նորանշանակ տնօրենի ԺՊ Լիլիթ Փալանջյանին:

Գայանե Կարապետյանն այս ընթացքում արդեն հասցրել է հանդիպել մշակույթի գծով փոխնախարար Արա Խզմալյանի հետ.

«Շատ ոգևորված եմ նրա այն արտահայտությունից, որ ավգյան ախոռները մաքրելու ժամանակն է: Անչափ ուրախ եմ, որ ոլորտը ղեկավարելու է մի մարդ, որը հիմնովին գիտի թատերական ոլորտը, էլ չեմ խոսում մնացածի մասին»:

Կարապետյանը Խզմալյանին է ներկայացրել իր փաստարկները, հայտնել, թե ինչ խախտումներ և անարդարացի քայլեր են իրականացվել նախկին փոխնախարար Նազենի Ղարիբյանի թելադրանքով:

«Մեր տարածքը պատկանում է պետգույքին, այն նախարարությանը չէ, սակայն նախարարության միջամտությամբ է դուռը կոտրվել: Ներկայացրել եմ նոր նշանակված ԺՊ-ի հապճեպության մասին փաստաթուղթ և հայտնել, որ առ այս պահը հարկային դաշտում ես եմ գրանցված որպես տնօրեն»,- ասել է նախկին տնօրենը:

Գայանե Կարապետյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվել էր 2018թ-ի դեկտեմբերի 28-ին: Նախկին նախարար Լիլիթ Մակունցի կողմից ստորագրվել էր Լիլիթ Փալանջյանին ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու հրամանը, բայց Կարապետյանը չէր վերադարձրել կնիքը եւ չէր պատրաստվում ազատել տարածքը:

Կարապետյանից տեղեկացանք, որ թատրոնի անձնակազմն արդեն 6 ամսից ավելի է՝ աշխատավարձ չի ստացել, վերջնահաշվարկ չի ստացել նաև ինքը: Մինչ այդ Կարապետյանը բողոքել էր նաեւ կառավարությանը:

«Եթե ասեմ, որ կառավարությունը մեր բողոքին չի արձագանքել՝ սուտ կլինի: Այն բոլոր խախտումները, որոնք թույլ է տվել մշակույթի նախարարությունը, հիմնավոր ներկայացրել եմ, որպեսզի հասկանան, որ չի կարելի վարչապետին պատասխանել սխալ տեղեկություններ տալով: Մինչև Նազենի Ղարիբյանի չակերտավոր թագավորության ավարտը՝ անընդհատ ոչ ճիշտ տեղեկատվություն է տարածվել»,- ասել է նախկին տնօրենը:

Կարապետյանի հետ զրույցից պարզ դարձավ, որ վերջինս դարձյալ չի հրաժարվել տնօրենի իր պարտականություններից: Մեր ճշտող հարցին՝ իսկ ինչ է անում թատրոնի տնօրենի ԺՊ Լիլիթ Փալանջյանը, Կարապետյանն ասել է.

«Բացառապես ոչ մի բան: Նա ընդամենը 6 ամիս նստեց նախարարությունում՝ Ղարիբյանի կողքին, 6 ամիս պետությանը վնաս տվեց: Թատրոնի արտաբյուջեն չի կայացել, եւ չէր էլ կարող կայանալ: Մեր հաշվապահին արգելվել է հաշվետվություններ տալ: Փալանջյանը հարկային դաշտում չի գրանցվել որպես տնօրեն, ինձ էլ չի հանել հարկային դաշտից, որը պետք է նա աներ: Հարկայինից ինձ փաստաթուղթ են ուղարկել, որտեղ ասվում է՝ նշված ժամկետում հաշվետվություն չներկայացնելու համար տուգանել Գայանե Կարապետյանին 10 հազար դրամով»:

Նախկին տնօրենը նշել է, որ խախտումների համար որպես անձ են վճարում, այլ ոչ որպես պաշտոնյա, ԴԱՀԿ-ն էլ կալանք է դրել իր հաշիվների վրա.

«Այս պահին ես հարկադիրում ունեմ գրանցված վարչական տույժ, այդ ամբողջն իրենց մեղքով»:

Խորեոգրաֆիայի պետական թատրոնի դռները նորանշանակ տնօրեն Լիլիթ Փալանջյանի առջեւ բացվել էին ԱԻՆ-ի աշխատակիցների միջամտությունից հետո: Հունվարի 9-ից նա պետք է փոխարիներ նախկին տնօրեն Գայանե Կարապետյանին, որը, սակայն, այդպես էլ տեղի չի ունենում:

Տնօրենի ԺՊ Լիլիթ Փալանջյանը ասել է, որ դեռևս չի ցանկանում որևէ հարցի շուրջ մանրամասն խոսել, քանի դեռ չի հանդիպել փոխնախարար Արա Խզմալյաին: Տնօրենի ԺՊ-ն հայտնեց, որ այս ընթացքում ինքն էլ աշխատավարձ չի ստացել, քանի որ գրանցված չէ: