Արցախի Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) հայտարարություն է տարածել՝ զգուշացնելով, որ սահմանադրական կարգը խաթարելուն ուղղված «բոլոր ոտնձգությունները կարժանանան համարժեք իրավական գնահատականի և դրանք կանխարգելելու համար կձեռնարկվեն բոլոր համապատասխան միջոցառումները»:

Հաշվի առնելով, որ Արցախում 2020թ.սպասվում են կարևորագույն քաղաքական և հասարակական իրադարձություններ՝ Արցախի Նախագահական և Խորհրդարանական ընտրությունները, Ազգային անվտանգության ծառայությունը անհրաժեշտ է համարում հորդորել քաղաքական ուժերին և քաղաքական գործընթացներում ներգրավված առանձին անձանց՝ իրենց գործունեությունը կազմակերպել բացառապես Արցախի Սահմանադրության և օրենքների պահանջներին համապատասխան:

«Արցախի տեղեկատվական որոշ տիրույթներում արդեն իսկ այսօր տեղ գտած մի շարք բացասական երևույթներ, ինչպիսիք են բռնության, սպառնալիքների կոչերը, վարկաբեկիչ նյութերի տարածումը, քաղաքական տարբեր հայացքներ ունեցող բնակչության որոշ խմբերի միջև ատելության, թշնամանքի և անհանդուրժողականության մթնոլորտ են ձևավորում, ինչն իր հերթին կարող է սպառնալիք դառնալ Արցախի անվտանգությանը», - ասվում է Արցախի ԱԱԾ տարածած հայտարարությունում։