Երևանի ավագանու անդամ Ավետիս Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Սիրելի՛ երևանցիներ, այսօր ավագանու մի քանի անդամներ հրատապ կարգով հանդիպել են քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչ Սարգսյանի հետ, որպեսզի անմիջականորեն թարմ տեղեկություն ստանան աղբահանության հարցի կարգավորման վերաբերյալ։

Մի բան հստակ է․ Սանիթեք ընկերությունը տապալել է քաղաքի աղբահանության գործընթացը, որն էլ պատճառ է դարձել «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի ստեղծմանը։ Հիմնարկը շարունակում է համալրվել մարդկային ռեսուրսով ու տեխնիկայով․

• առաջիկա շաբաթների ընթացքում շուրջ 2200-2400 նոր աղբարկղ է հասնելու Երևան. մի քանի խմբաքանակով՝ մաս մաս,

• Քաղաքապետարանի կողմից գնված աղբատար մեքենաները դեռ հավաքվում են գործարանում և մոտ օրերին արդեն մի քանիսը ուղևորվելու են Երևան։ Օգոստոսի 7֊ին 7 նոր աղբատար մեքենա հասնելու է Երևան։

Սիրելի՛ համաքաղաքացիներ, հասկանում ենք ձեր արդարացի բողոքը աղբահանության վատ վիճակի հետ կապված, քանի որ բոլորս ենք բնակվում նույն բակերում, քայլում խնդրահարույց փողոցներով ու շնչում աղբի տհաճ հոտը։

Որպես ձեր վստահությունը ստացած պատվիրակներ՝ հայցում ենք բոլորիդ համբերությունը ու վստահեցնում ենք ձեզ, որ բոլորս՝ թե՛ ԻՄ ՔԱՅԼԸ խմբակցության անդամները, ու թե՛ գործադիրի մեր գործընկերները հետամուտ ենք աղբահանության սուր խնդրի շուտափույթ լուծմանը»։