Բնապահպան Լևոն Գալստյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Այս վիճակի իրական պատճառները հասկանալու համար գիտնականներին անհրաժեշտ են հավաստի և վստահելի ամբողջական տվյալներ Սևանա լճի ջրի որակի, կենսաբազմազանության, լճի աղտոտման աղբյուրների բոլոր պարամետրերի վերաբերյալ առնվազն վերջին 20 տարվա կտրվածքով։ Եթե չկան այդ տվյալները, ապա պատասխանատվություն պետք է կրեն բոլոր այն մարմինները՝ ովքեր դա պարտավոր էին անել։ Եթե կան այդ տվյալները և դրանք թաքցրել են հանրությունից, ապա թաքցնողները պետք է պատասխանատվություն կրեն։ Ափամերձ տարածքները չմաքրողները կամ վատ մաքրողները պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն։ Լճի մակարդակի բարձրացումը 2012 թվից արհեստական կասեցնողները պետք է պատասխանատվություն կրեն։ Արփա-Սևան թունելի վերանորոգումը ձգձգողները պետք է պատասխանատվություն կրեն։

Իմ համեստ կարծիքով պետք է անհապաղ մաքրել ափամերձ տարածքներն ու ջրի տակ մնացած անտառաշերտերը և արագ տեմպերով բարձրացնել ջրի մակարդակը։

Հետո պետք է անցնել մյուս քայլերին. մաքրման կայաններ, արհեստական ձկնաբուծարաններ, ձկնապաշարների վերականգնում և այլն»։