Երկու մարդ է զոհվել Ինդոնեզիայի Արևմտյան Ճավա նահանգում հորդառատ անձրևների առաջացրած սողանքների հետևանքով: Այդ մասին հայտնել է AP գործակալությունը: Նրա տվյալներով՝ ոստիկանության աշխատակիցները և տեղի բնակիչները փնտրում են ևս չորս մարդու, որոնք անհայտ կորած են համարվում:

«Ջակարտա պոստ» հրատարակությունը հաղորդում է, որ շուրջ 5 հազար մարդ է տուժել Ինդոնեզիայի մայրաքաղաքում և հարևան շրջաններում առաջացած սաստիկ հեղեղումներից: Տեղատարափների պատճառով ափերից դուրս է եկել Չիլիվունգ գետը, որը հոսում է Ջակարտայով:

Փետրվարի 6-ին Ջակարտայի նահանգապետ Անիես Բասվեդանը հայտարարել է, որ հարկ է եղել տարհանել մայրաքաղաքի մի քանի հազար բնակիչների: Դրա հետ մեկտեղ քաղաքի բնակիչներից շատերը նախընտրել են մնալ իրենց տներում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: