Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ իտալական «Ռենկո» ընկերության 250 մեգավատտ հզորությամբ էլեկտրակայանի աշխատանքի շնորհիվ էլեկտրական էներգիայի սակագինը կիջնի շուրջ 4 դրամով, սպառողների համար, սակայն, սակագինը կնվազի մոտ 1-1.5 դրամով: Էլեկտրակայանի կառուցումից հետո հոսանքի գինը կլինի 27.4 դրամ մեկ կվտ ժամի համար:

«Հրազդանի ՋԷԿ-ը արդեն հին կայան է, ունի ցածր ՕԳԳ և իր ռեսուրսն արդեն սպառում է այս տարի, ուստի նոր էլեկտրակայանը գալիս է իրեն փոխարինելու: Հրազդանի ՋԷԿ-ը հոսանքն արտադրում է բավականին թանկ սակագնով. միայն վառելիքային բաղադրիչը 31.5 դրամ է, բացի վառելիքային բաղադրիչը 10 դրամ էլ ունի իր ծախսերի ապահովման համար՝ կախված կիլովատ ժամից»,- ասել է նա:

Կայանի շինարարական աշխատանքների ընթացքում կստեղծվի 1000-1200 ժամանակավոր աշխատատեղ, իսկ կայանի բուն գործունեության փուլում 230 աշխատատեղ կգործի։