Բյուրականի 6-րդ գիտճամբարը աստղադիտարանի և «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի 2018թ-ին համատեղ մեկնարկած ծրագրերից մեկն է միայն: Գիտճամբարի մասնակիցները Հայաստանի տարբեր դպրոցներից ժամանած երեխաներն են:

Աստղադիտարանը 2018թ-ին «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի կողմից հայտարարված դրամաշնորհային ծրագրի հաղթողներից մեկն է, համատեղ ծրագրի շրջանակում բացի աստղադիտարանում անցկացվող 6-րդ գիտական դպրոցից, նաև վերանորոգվել ու կահավորվել է ուսումնական լսարան, աստղադիտարանը համալրվել է նոր թվայնացված աստղադիտակով։

«Նախկինում դասախոսություններնեն անցկացվել Վիկտոր Համբարձումյանի աշխատասենյակում, որը տարածքով ավելի փոքր էր և այդքան էլ հարմար չէր: Իսկ այստեղ մոտ հիսուն մարդ է տեղավորվում: Գաղափարը շատ հետաքրքիր էր, քանի որ 2017թ-ից նրանք սկսել են այդ ծրագիրը՝ գիտական տուրիզմի հետ կապված, և ամեն ինչ անում էին, տարբեր քայլեր էին ձեռնարկում, որպեսզի այդ ճյուղը զարգանա Հայաստանում, մասնավորապես՝ աստղագիտական ոլորտում»,- նշել է «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն Աննա Գիշյանը:

«Գիտճամբարի ծրագիրն, իհարկե, շատ բազմազան է: Այստեղ միայն աստղագիտական դասախոսություններ չեն, թեկուզ գիտության այլ ոլորտներից, այլ, օրինակ, բազմաթիվ հետաքրքիր խաղեր, ինտելեկտուալ խաղեր շատ կան, հագեցված են դրանով: Կազմակերպում ենք այցելություններ, էքսկուրսիաներ ոչ միայն աստղատանը, այլև տանում ենք շրջակա մոտիկ տեսարժան վայրերն ենք ցույց տալիս»,- նշել է Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը: