Հակաօդային պաշտպանության համակարգեր՝ Սիրիա - Թուրքիա սահմանային հատվածում
Սիրիան Թուրքիայի հետ սահմանային հատվածում հակաօդային պաշտպանության համակարգեր է տեղակայել: Այս մասին հայտնում է թուրքական «Հաբերլեր»-ը:
Կայքի հաղորդմամբ` հակաօդային պաշտպանության համակարգեր տեղադրվել են, մասնավորապես, սիրիական Հալեպ և Իդլիբ նահանգներում:
Թուրքիայի զինված ուժերը հունվարի 20-ից Սիրիայի Աֆրին շրջանում քրդերի դեմ ռազմական գործողություն են սկսել, որը ստացել է «Ձիթենու ճյուղ» անվանումը: Այդ օրը թուրքական 72 ռազմական ինքնաթիռ ռմբակոծել է քրդերի դիրքերը, ինչից հետո թուրք զինվորներն անցել են սիրիական սահմանը՝ սկսելով ցամաքային գործողությունները: Թուրքիայի գործողություններին աջակցում է նաև Սիրիայի ընդդիմադիր «Սիրիական ազատ բանակը»: Ահաբեկչական տարրերի դեմ պայքարելու հիմնավորմամբ թուրքական զինուժն իրականում գործողություններն ուղղում է քրդերի, այդ թվում և խաղաղ բնակչության դեմ:
Պաշտոնական Դամասկոսը դատապարտել է Աֆրինում Թուրքիայի գործողությունները՝ նշելով, որ Աֆրինը Սիրիայի անբաժան մասն է: