Սևանա լճի լողափերի տնտեսվարողներն այսօր Սևանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա են իրականացրել։ Տնտեսվարողները համաձայն չեն, որ Սևանը վտանգավոր է լողալու համար, նման հայտարարությունների պատճառով զբոսաշրջիկներ չեն այցելում լիճ։ Նրանք պահանջում են՝ կառավարության ներկայացուցիչները հայտարարեն, որ Սևանում լողալը վտանգավոր չէ։

Ակցիայի մասնակիցները Սևանի քաղաքապետարանում հանդիպում են ունեցել Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի և Սևանի քաղաքապետ Սարգիս Մուրադյանի հետ: Նրանք ասել են, որ նրանց դժգոհությունը կհայտնեն պատկան մարմիններին։

Նրանք փակել են Երևան-Սևան ճանապարհը:

«Եթե Սևանը թունավոր է, ուրեմն պետք է կարանտին հայտարարվի, Արարատյան դաշտը չոռոգվի, քանի որ այգիները ոռոգվում են Սևանի ջրից։ Եթե թույն է, ուրեմն թույն ենք ոռոգում, թույնով ենք ջրում»,- ասել է ակցիայի մասնակիցներից մեկը։

Մեկ այլ մասնակից ասել է, որ հաջորդ քայլն այն է լինելու, որ փակելու են և թույլ չեն տալու ոռոգել Արարատյան դաշտի այգիները։ Նրանք պնդում են, որ լողափերը մաքուր են։

Ակցիայի մեկ այլ մասնակից ասել է.

«Ասում են թունավոր է, համաձայն ենք, թող հայտարարեն կարանտին։ Ջրառն իրականացնում են, Արարատյան դաշտը ոռոգում են, թող չբերեն այդ թունավոր սնունդը մեր երեխաներին կերցնեն։ Եթե թունավոր չէ, թող գան, ֆլեշմոբ իրականացնեն, լողանան, մարդիկ հասկանան, որ մաքուր է։ Պետական մակարդակով այսօր հակասևան քարոզչություն է իրականացվում։ Անցած տարվանից սկսվել է այդ ակցիան։ Գալիս են, մաքուր ջուրը տեսնում են, ճահճացած վայր են նկարում, մարդկանց ցույց են տալիս, թե թունավոր է Սևանը։

Մեր պահանջն է, խնդրանքն է՝ թողեք աշխատենք, ոչ մեկից փող չենք ուզում, ոչ խնդրում ենք հարկերը ջրել, վարկերը սառեցնել։ Մենք ասում ենք՝ թողեք աշխատենք։ Այցելուներ չունենք։ Եթե ունենք, Սևանի, մարզի ազգաբնակչությունն է, ովքեր գիտեն սուտ տեղեկատվություն է։ Տուրիստներին բերում են, զգուշացնում են, որ չլողանան, ասում են՝ մոմ վառեք, իմ կարծիքով այս ամեն ինչը իրականացնում է եվրոպաներից փող պոկելու համար՝ «ինչ կլինի փող տվեք, գնանք Սևանը մաքրենք, ջուրը կեղտոտ է»։

«Այն, ինչ կատարվում է Սևանում, բնական պրոցես է։ Մասնագիտությամբ բնապահպան եմ, կապտականաչավուն ջրիմուռներ միշտ եղել են, բոլոր ջրերում էլ կան, բայց եթե մտածում են ջուրը թունավորել է, թող արգելեն։ Պարոն Փաշինյանը գալիս լողանում է։ Թող նկարի, ասի՝ ժողովուրդ ջան, ջրի մեջ եմ, բան չկա, դուք էլ եկեք։ Համարյա ամեն օր գալիս է Սևան իր ընտանիք հետ։ Եթե թունավոր է, այ նախարար ինչու ես թողնում այդ մարդը գնա լողանա»։

Նշենք, որ ակցիայի մասնակիցների և վարորդների, որոնք ուզում են այդ ճանապարհով անցնեն, պարբերաբար վիճաբանություններ են լինում։ Ակցիայի մասնակիցները պահանջում են բնապահպանության նախարարին։