Արենի խոշորացված համայնքի ավագանին հուլիսի 10-ի նիստում քննարկել է «Արենի համայնքը էկո-տնտեսական տարածք դարձնելու և համայնքում մետաղական հանքարդյունաբերությունը արգելելու մասին» 2019թ-ի մայիսի 6-ին ընդունած իր որոշումն անվավեր ճանաչելու հարցը։

Ավագանու նիստում բուռն քննարկում է եղել, ինչի արդյունքում 2 կողմ, 5 դեմ, 1 ձեռնպահ ձայներով որոշումը չի ընդունվել, որը նշանակում է, որ մետաղական հանքարդյունաբերությունն արգելող ավագանու որոշումը մնում է ուժի մեջ։

Հիշեցնենք, որ մայիսի 6-ին ավագանին հիմք ընդունելով համայնքի բնակիչների կողմից կազմակերպված հանրագիր-ստորագրահավաքը՝ թվով 2868 ստորագրություն, որոշել էր Արենի համայնքը ճանաչել էկո-տնտեսական տարածք և այսուհետ արգելել համայնքի վարչական տարածքում մետաղական հանքարդյունաբերության հետ կապված հետախուզական, առավել ևս հանքավայրերի շահագործման աշխատանքները:

Այդ որոշումից հետո ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը գրություն էր ուղարկել մարզպետներին, որով խնդրել էր նրանց դիմել բոլոր ինքնակառավարման մարմիններին՝ առաջարկելով նրանց վերացնել համայնքներում հանքարդյունաբերությունն արգելելու որոշումները։