ՀՀ-ում Ազգային փոքրամասնությոնների պալատ կստեղծվի, որը կծառայի որպես հարթակ ազգային փոքրամասնությունների հարցերը քննարկելու և լուծումներ առաջարկելու համար։

«Ազգային փոքրամասնությունների մասին» ՀՀ օրենքի նախագծում փոփոխություններով, օրենսդրական և ինստիտուցիոնալ հիմքեր կստեղծվեն ՀՀ Սահմանադրության 56-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով ամրագրված՝ Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների համակարգված իրագործումն ապահովելու համար:

Նախագծով առաջարկվում է նաև տալ Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց սահմանումը, սահմանել նրանց իրավունքները և պաշտպանության անհրաժեշտ մեխանիզմները, հանրապետական գործադիր մարմինների և տեղական ինքնակառավարման մարմինների խնդիրները այդ ոլորտում։

Նախագծերի նպատակն է ապահովել Հայաստանի Հանրապետությունում յուրաքանչյուր անձի և քաղաքացու իրավունքների ու ազատությունների իրականացման հավասար հնարավորություններ՝ անկախ սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկական կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից։

Ամրագրելով խտրականության համընդհանուր արգելքը՝ «Իրավահավասարության ապահովման մասին» ՀՀ օրենքի նախագիծը սահմանում է խտրականության հասկացությունը և տեսակները, ինչպիսիք են՝ ուղղակի խտրականությունը, անուղղակի խտրականությունը, խտրականության հրահրումը, հետապնդումը և սեգրեգացիան:

«Անկյունաքարային նշանակություն ունի Նախագծով խտրականության վերաբերյալ բողոքների քննության համար ապացուցման բեռի բաշխումը: Մասնավորապես, ինչպես Նախագծում, այնպես էլ վերաբերելի դատավարական օրենսգրքերում լրացում կատարելու մասին հարակից նախագծերում սահմանվում է, որ թեև բողոք բերած անձը ներկայացնում է տվյալներ և փաստարկներ, որոնք առերևույթ հիմնավորում են խտրականության առկայությունը, խտրականության բացակայությունն ապացուցելու պարտականությունը, այնուամենայնիվ, կրում է պատասխանողը», - նշվում է նախագծի հիմնավորման մեջ:

«Իրավահավասարության ապահովման մասին» ՀՀ օրենքի նախագծում հասարակական կյանքի առանձին ոլորտներում խտրականության դեպքերի վերացմանը նվիրված է առանձին գլուխ, որն անդրադառնում է անձի իրավունքների տեսանկյունից այնպիսի հիմնաքարային ոլորտների, ինչպիսիք են՝ հավասարության ապահովումն աշխատանքի և հանրությանը մատչելի ապրանքների մատակարարման և ծառայությունների մատուցման, տնտեսական գործունեության ոլորտներում:

Նախագծով կարգավորված են Իրավահավասարության խորհրդի անդամներին ներկայացվող պահանջները, անդամների ընտրությունը, նշանակումը և լիազորությունների դադարումը: Իրենց հատուկ ամրագրումն են ստացել խորհրդի գործառույթները: