Թուրք նախարարին ընդհատելու պատճառով ռոբոտը վերածրագրավորվել է
Թուրք ինժեներների կողմից մշակված Sanbot ռոբոտը վերածրագրավորվել է այն բանից հետո, երբ նա մի քանի անգամ փորձել է ընդհատել Թուրքիայի տրանսպորտի, նավագնացության և կապի նախարար Ահմեթ Արսլանի ելույթը: Այդ մասին հայտնել է Hurriyet թերթը:
Արսլանը Անկարայի գիտության և տեխնոլոգիաների կենտրոնում ելույթ էր ունենում Անվտանգ ինտերնետի օրվա կապակցությամբ: Ընդ որում՝ ռոբոտը, որը միջոցառման հաղորդավարն էր, մի քանի անգամ կտրել է նախարարի խոսքը՝ նրան հորդորելով ավելի դանդաղ խոսել: «Ես չեմ հասկանում, թե դու ինչ ես ասում: Ինչի՞ մասին ես խոսում»,- հրատարակությունը մեջբերում է ռոբոտի ռեպլիկաները:
Ի պատասխան նախարարը կարգադրել է հանդարտեցնել ռոբոտին: «Կոլեգանե՛ր, ինչ-որ մեկը պետք է հսկողության տակ առնի ռոբոտին: Խնդրեմ՝ արեք ինչ-որ պետք է»,-ասել է Արսլանը:
Արդյունքում՝ անջատել են ռոբոտի բարձրախոսը, իսկ միջոցառման ավարտից հետո այն վերածրագրավորվել է, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: