105 մլն դրամ է հատկացվել զբոսաշրջային տարածքների բարեկարգմանը և ճամփեզրյա կայանների ստեղծմանը
ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ 105 մլն դրամ կհատկացվի ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեին. գումարն ուղղվելու է զբոսաշրջային ենթակառուցվածների զարգացմանը:
Նշվում է, որ Հայաստանի զբոսաշրջային ամենաշատ այցելվող տեսարժան վայրերի շրջակայքում գոտիավորման բացակայության հետևանքով առկա են չհամակարգված մատուցվող ծառայություններ, տրանսպորտային միջոցների կայանման խնդիրներ, այցելությունների վիճակագրության հավաքագրման բացակայություն, ինչի հետևանքով պարբերաբար և արդարացիորեն ահազանգում են զբոսաշրջային ոլորտի մասնավոր հատվածի ներկայացուցիչները` անորակ ծառայությունների մատուցման հետևանքով զբոսաշրջիկներին պատճառված անհարմարությունները կանխարգելելու խնդրանքով:
Ծրագրի շրջանակում առաջնահերթ առանձնացվում է Սևանավանքը, որի շրջակայքում այցելությունների աճին զուգահեռ առավել արդիական են դառնում վերոնշյալ խնդիրները: Նախատեսվում է նախագծել տեսարժան վայրերի հարակից տարածքների բարեկարգման տիպային մոդել, համաձայն որի կառանձնացվեն համայնքային առևտրի գոտիները, կկառուցվեն միանման տաղավարներ համայնքի` վաճառք իրականացնող բնակիչների համար, կբարեկարգվի և կգծանշվի ավտոկայանատեղին, ինչպես նաև կսահմանվի մեքենաների մուտք ու ելքի կայանման ձևաչափ:
Արդյունքում՝ կստեղծվեն տեսարժան վայրի բարեկարգված տարածքներ (զբոսաշրջային վայրերի հարակից տարածքների, ճանապարհների բարեկարգում, գոտիավորում, լուսավորության ապահովում, անհրաժեշտ համակարգերի ներդրում), կապահովվի մատուցվող ծառայությունների որակը և վիճակագրական տվյալների հավաքագրումը, տարածքի պահպանումը և արդյունավետ կառավարումն իրականացնելու համար համայնքային բյուջեի համալրման ռեսուրսի ստեղծումը, զբոսաշրջային ծառայությունների արտահանումը և տեղական արտադրության ապրանքատեսակների վաճառքի աճը:
Նախագծով առաջարկվում է հանրային միավորի՝ ճամփեզրյա կայանի նախագծանախահաշվային աշխատանքների իրականացում (նախագծի ստեղծում): Նախագիծը հաստատվելուց հետո կառուցվող կայանները կգործեն որպես ներքին և օտարերկրյա զբոսաշրջիկների համար ենթակառուցվածք՝ ապահովող զբոսաշրջիկի նվազագույն կարիքները և անվտանգությունը, տեղեկատվության ստացման աղբյուր։ Դրանք նպաստում են տեղական տնտեսության զարգացմանը, ապահովելով ինչպես զբոսաշրջիկների, այնպես էլ տեղի բնակչության կարիքները, զբոսաշրջային ռեսուրսների արդյունավետ կառավարմանը և տեղական արտադրությունների խթանմանը։
Ամբողջական ծրագիրը ենթադրում է մեկական զբոսաշրջային ճամփեզրյա կայան յուրաքանչյուր մարզում` ընդհանուր թվով 10: Նման ենթակառուցվածքների ստեղծումը կնպաստի տվյալ տարածքում ուղիղ ներդրումային միջավայրի ձևավորմանը, և կարող է հանդիսանալ որպես պիլոտային նախագիծ, հետագա նմանատիպ ներդրումներ ներգրավելու համար։ Միաժամանակ ճամփեզրյա կայանների համակարգի կայացման շնորհիվ տեղի կունենա զբոսաշրջային ռեսուրսների կառավարման ապակենտրոնացում, տեղեկատվական ծառայությունների որակի բարելավում, նոր աշխատատեղերի ստեղծում։
Նշվում է, որ ենթակառուցվածքների ստեղծումը, իսկ հետագայում նաև ճանապարհային կայանների համակարգի կայացումը կապահովի տեղի բնակիչների համար առնվազն 150 մշտական աշխատատեղ (յուրաքանչյուր մարզի հաշվարկով 15 աշխատատեղ), կխթանվի տեղի արտադրանքի ստեղծումը և իրացումը, կզարգանան մոտակա համայնքները՝ ներգրավվելով զբոսաշրջային գործունեության մեջ և մատուցելով տարբեր զբոսաշրջային ծառայություններ, կբարձրանա բնակչության կենսամակարդակը հարևան համայնքներում, կլուծվեն մի շարք սոցիալ տնտեսական խնդիրներ։
Զբոսաշրջային վայրերի հարակից տարածքների բարեկարգում, գոտիավորում և ճամփեզրյա կայանի նախագծերի նախագծանախահաշվային աշխատանքների իրականացման համար ահրաժեշտ ֆինանսական հատկացումը կազմում է 15 մլն դրամ, ինչի արդյունքում մշակված նախագծերը կդառնան տիպային մոդելներ ՀՀ մարզերում կիրառելու և նպաստելու հանրային ենթակառուցվածքների զարգացմանը։ Նախագծանախահաշվային աշխատանքների կատարման համար հայցվող գումարի չափը որոշվել է նմանատիպ աշխատանքների կատարման շուկայի ուսումնասիրության արդյունքում։
«Աջակցություն զբոսաշրջության միջոցառմանը» առաջարկվում է հատկացնել 90 մլն դրամ, որը կուղղվի Հայաստանի և հայկական զբոսաշրջային արդյունքի ճանաչելության բարձրացմանը՝ ընտրված թիրախային շուկաներում մարքեթինգային միջոցառումների իրականացման միջոցով։ «Նպատակային շուկաներում մարքեթինգային միջոցառումներ» ենթածրագիրն ուղղված է Հայաստանի դիրքավորմանը համաշխարհային զբոսաշրջային քարտեզի վրա։