Ուղևորափոխադրողների համար հարկային փոփոխություններով օրինագիծն ընդունվեց 1-ին ընթերցմամբ
Ազգային ժողովն այսօր քվեարկությամբ ընդունեց նախօրեին քննարկված բոլոր օրինագծերը:
Մասնավորապես, երկրորդ ընթերցմամբ ընդունվեցին հետևյալ օրինագծերը.
- «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին
- «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
- «Ահաբեկչության դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին:
Առաջին ընթերցմամբ ընդունվեց - Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը վերաբերում էր ուղևորափոխադրում իրականացնողների համար հարկային բեռի թեթևացմանը: Մասնավորապես, առաջարկվում է ավտոբուսների համար մեկ նստատեղի հաշվարկով արտոնագրային հարկի դրույքաչափը սահմանել 1800 դրամ՝ 2000 դրամի փոխարեն, իսկ միկրավտոբուսների համար 2600-ից նվազեցնել մինչև 2300 դրամի. «Այս նախաձեռնությունը հնարավորություն է տալիս միկրոավտոբուսների համար ամսական 9100 դրամ նվազ գումար վճարել»,-ասել էր օրինագծի հեղինակներից Խոսրով Հարությունյանը:
Նշենք, որ այս օրինագիծը երկրորդ ընթերցմամբ պետք է ընդունվի 24 ժամվա ընթացքում: