ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն ասել է, որ մեր ճանապարհները ֆիզիկապես ի վիճակի չեն տեղավորելու այդքան տրանսպորտային միջոց:

Ոստիկանապետը նաև անդրադարձել է Ճանապարհային ոստիկանության աշխատանքին, չհամաձայնվելով այն պնդման հետ, թե վատ աշխատանքի հետևանքով են վթարներն ու զոհերն ավելացել:

«Երբ ասում եք՝ Ճանապարհային ոստիկանությունը վատ է աշխատում, կարո՞ղ եք բացատրել ինձ՝ վատ աշխատելու պարագայում ինչպե՞ս եղավ, որ այս տարի ավելի շատ խախտում ենք հայտնաբերել, քան նախորդ տարի: Եվ գումարած այս ամենին այստեղ կապ ունի նաև աննախադեպ տրանսպորտային միջոցների ներմուծումը ՀՀ»,- ասել է Օսիպյանը:

Նա նկատել է, որ ՃՏՊ-ների պատճառներից է վատ լուսավորությունը, ճանապարհների վիճակը, նշանների բացակայությունը կամ չերևալը, տրանսպորտային միջոցների ոչ բավարար տեխնիկական վիճակում լինելը:

«Մեր ժողովրդի մոտ «տեխասմոտր» հասկացությունը ոչ թե ձևական բնույթ է կրում, այլ ընդհանրապես բնույթ չի կրում», - եզրափակել է ոստիկանապետը: