Բողոքը ներկայացնելիս գործով մեղադրող դատախազ Վահե Դովմազյանը նշել է, որ առաջին ատյանի դատարանի որոշումը անհիմն է, ենթակա է բողոքարկման և պետք է բեկանվի: Դովմազյանը նշեց, որ գույքի վրա կալանք դնելու նախաքննական մարմնի որոշումը պայմանավորված է եղել բացառապես արդարադատության շահի գերակայությամբ և ունեցել է դատավարական հիմքեր և անհրաժեշտություններ, մասնավորապես՝ դատական ծախսերի փոխհատուցում:

«Քննիչի տրամադրության տակ հստակ և ամբողջական տեղեկություններ չեն եղել Քոչարյանի անվամբ գրանցված գույքի և դրամական միջոցների վերաբերյալ: Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի աշխատասենյակից խուզարկությամբ առգրավված գումարին և զենքերին, նույնականացման քարտերին, ապա դրանց վերաբերյալ առաջին ատյանի դատարանի գնահատականները հիմնավոր չեն: Մյուս կողմից, Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մյուս՝ կաշառքի մասով մեղադրանքը ենթադրում է գույքի բռնագրավում», - հայտարարել է նա:

Գործով մյուս մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանն էլ նշել է, որ քննիչը Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա կալանք դնելու որոշում է կայացրել՝ հաշվի առնելով հնարավոր քաղաքացիական հայցի և դատական ծախսերի ապահովումը։

Դատախազը մանրամասնել է, որ նախկինում հայտնի չի եղել, թե որքա՞ն կլինի դատական ծախսը, այժմ այն կազմում է 900 հազար դրամ: