Փետրվարի 10-ին, ժամը 11:00-ին Հայաստանի շախմատի ակադեմիայում տեղի կունենա 4-րդ շախմատի մրցաշարը լրատվամիջոցների ներկայացուցիչների միջև` ՎՏԲ-Հայաստան Բանկի հովանավորությամբ և Հայաստանի Շախմատի ակադեմիայի և Sil Maaza ընկերության աջակցությամբ: Մրցաշարի կազմակերպիչն է Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիան:

Մրցաշարը կանցնի մեկ օրվա ընթացքում՝ կսկսվի առավոտյան ժամը 11:00-ին, ըևողությունը մոտ 4 ժամ: Այն բաղկացած է 7 մրցափուլից և կանցնի արագ շախմատի մրցակարգով: Ամեն մի խաղի համար մասնակիցներին կտրամադրվի 10 րոպե և 5 վարկյան լրացուցիչ ամեն մի քայլի համար: Մրցաշարի գլխավոր մրցավարը միջազգային կարգի մրցավար Վահագն Խաչատրյանն է:

Մրցաշարի մրցանակաբաշխությանը ներկա կգտնվեն և մրցանակներ կհանձնեն Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-նախագահ, Համաշխարհային Օլիմպիադայի շախմատի հաղթող, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը, Հայաստանի շախմատի չեմպիոն, գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը և ԱԹԱ-ի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը:

1-3-րդ տեղեր զբաղեցրած մասնակիցները կստանան գավաթներ, պատվոգրեր և գումարային մրցանակներ միջոցառման հովանավորի՝ ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից: Մրցանակներ կստանան նաև 5 անվանակարգով մասնակիցները՝ 4-րդ տեղ զբաղեցրած ԶԼՄ-ի ներկայացուցիչը, ամենագեղեցիկ հաղթանակի համար, կամքի ուժ դրսևորելու համար, ամենաարագ հաղթանակի համար և ամենատարեց մասնակիցը:

Նախատեսվում է, որ այս տարի կմասնակցեն մոտ 30 լրագրող տարբեր ԶԼՄ-ներից: Հիշեցնենք, անցած երեք մրցաշարերում՝ 2015, 2016 և 2017 թվականներին հաղթող է ճանաչվել «Գոլոս Արմենիի» թերթի թղթակից Վադիմ Մկրտչյանը:

Մրցաշարին մասնակցելու համար ԶԼՄ-ների ներկայացուցիչները կարող են զանգահարել հետևյալ համարներով՝ 077 181878, 010 550619: