ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում քննարկվել է մանկական կուրության կանխարգելման ազգային ծրագրի շրջանակում դպրոցական և նախադպրոցական հաստատություններում երեխաների ակնային զննումների կազմակերպման «Ավետիս» պիլոտային ծրագրի իրականացման և ընդլայնման հետ կապված հարցեր:

Ծրագրի շրջանակում «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական կազմակերպության հետ համատեղ Հայաստանում 2018-2019թ-ին ծնողների համաձայնությամբ էլեկտրոնային համակարգի միջոցով ակնային զննում է անցել մոտ 20,000 երեխա, որոնցից 10,000-ը՝ Երևանում, 10,000-ը՝ մարզերում:

Հանդիպման ընթացքում նշվել է, որ նախագիծն իրականացնող թիմը նախատեսում է նաև դիմել միջազգային դոնոր կազմակերպությունների՝ ծրագրի ծավալներն ընդլայնելու նպատակով:

Նախատեսվող վերապատրաստման դասընթացներում նախարարի տեղակալի առաջարկությամբ կընդգրկվեն նաև բժշկական ուղղվածության միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատությունների ավարտական կուրսերի ուսանողները: Կողմերն անդրադարձել են ծրագրի իրականացմանն առնչվող մի շարք տեխնիկական և կազմակերպչական հարցերի: