Լրատվամիջոցների ազատության հարցով ԵԱՀԿ ներկայացուցիչ Հարլեմ Դեսիրն ասել է, որ կառույցում տպավորված են խոսքի և մամուլի ազատության ոլորտում Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանի կողմից գրանցած առաջընթացով:

Նա նշել է նաև՝ տեղյակ է, որ առցանց մամուլում առկա են բազմաթիվ մտահոգություններ կեղծ նորությունների, լրատվական մանիպուլյացիաների վերաբերյալ:

«Մինչև վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերընտրվելը ես այցելել եմ Հայաստան, հանդիպել նրա հետ՝ անմիջապես «Թավշյա հեղափոխությունից» հետո: Կարծում եմ, երկրում տեղի է ունեցել շատ տպավորիչ փոփոխություններ, մենք իրոք ոգեշնչված ենք Հայաստանի գրանցված առաջընթացով եւ մեզ համար շատ կարեւոր է շարունակել աշխատանքը Հայաստանի իշխանությունների հետ՝ միասին էլ ավելի բարելավելով մամուլի ազատությունը երկրում», - ասել է Դեսիրը, գրում է «Ամերիկայի ձայնը»:

Նա նշել է, որ այժմ Հայաստանում իրավիճակը հասունացել է նաև առավել անկախ հանրային հեռարձակողի զարգացման հեռանկարները քննարկելու համար:

«Մենք անդրադարձել էինք նաև առցանց կարգավորումների խնդրին. ես տեղյակ եմ, որ առկա են բազմաթիվ մտահոգություններ կեղծ նորությունների, լրատվական մանիպուլյացիաների վերաբերյալ: Կարծում եմ մեզ անհրաժեշտ է առաջին հերթին աջակցել առավել որակյալ լրատվություն և փաստերի ստուգում ապահովող լրատվամիջոցների զարգացմանը, այլ ոչ թե օրենքներ ընդունելով փորձել կարգավորել խնդիրները, քանի որ դա կարող է բացասաբար ազդել ազատ արտահայտման իրավունքի վրա, իսկ ազատ արտահայտման իրավունքը շատ զարգացած է Հայաստանում եւ պետք է պաշտպանված մնա», - ասել է նա: