Չարենցավան համայնքում արդեն ավարտվել է «Արա Մանուկյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցի» նոր շենքի շինարարությունը: Այն ֆինանսավորել է ՀՀ Կառավարությունը՝ 1 մլրդ 100 մլն դրամի չափով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանը, որը Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հետ շրջայց է կատարել համայնքում:

Նշվում է, որ մարզադահլիճն ամբողջովին պատրաստ է շահագործման, հարկավոր է միայն լուծել գույքի և կահավորման հարցը, ինչն էլ արդեն ընթացքում է: Մարզադպրոցի բացումը նախատեսված է սեպտեմբեր ամսին:

Բացի այդ, մարզադպրոցի հենց հարևանությամբ գործում է Չարենցավանի քաղաքային մարզադաշտը, որտեղ իր տնային խաղերն է անցկացնելու Չարենցավանի նորաբաց Առաջին լիգայի նորեկ «Վան» ակումբը՝ անվանի մարզիչ Կարեն Բարսեղյանի գլխավորությամբ։ Լոռեցյանը նշում է, որ մարզադաշտը կապիտալ վերանորոգվել է ՀՖՖ-ի ու «Վան» ակումբի ջանքերով։

«Զրուցեցինք խաղացողների ու մարզիչների հետ, մաղթեցինք հաջողություն ու խոստացանք, որ թիմի առաջին պաշտոնական խաղին կհետևենք տրիբունայից, որը ևս կապիտալ վերանորոգվում է այս պահին»,- գրել է Գևորգ Լռեցյանը:

Նախարարի տեղակալն ու մարզպետը եղել են նաև Բյուրեղավանի մանկապատանեկան մարզադպրոցի շենքում, որը, Լոռեցյանի խոսքով՝ անմխիթար վիճակում է գտնվում: Մարզպետի հետ քննարկումների արդյունքում դիտարկվել է դրա հիմնանորոգման հարցը:

«Մարզադպրոցի շենքում անձամբ ծանոթացանք տարիներ շարունակ եղած ծայրահեղ վատ պայմաններին։Դրա հարևանությամբ գործող Ս.Վարդանյանի անվան ավագ դպրոցի տարածքին կից (նախկին թիվ 3 դպրոց) չօգտագործվող մի հատված պլանավորված է տեղափոխել մարզադպրոցի հաշվեկշիռ, իսկ արդեն 2020թ-ի պետական բյուջեով կդիտարկվի մարզադպրոցի շենքի հիմնանորոգման ու կահավորման հարցը»,- հավելել է Լոռեցյանը: