Շրջակա միջավայրի նախարարությունն առաջարկում է Սևանա լճի ջրածածկ անտառտնկարկների մաքրման աշխատանքներն իրականացնել 98 հա տարածքում՝ 66.8 հա-ի փոխարեն։

Նման առաջարկությամբ նախագիծ է նախարարությունը քննարկման ներկայացրել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։

Շրջակա միջավայրի նախարարությունն այս տարվա համար առաջնահերթ մաքրման ենթակա տարածքներ է համարել Վարդենիսի մասնաճյուղի Ծովակի տեղամասի 94 հա ճահճապատ և 4 հա ջրածածկ տարածքները։

Սևանա լճի ջրածածկ անտառտնկարկների մաքրման աշխատանքների իրականացման նպատակով անօդաչու թռչող սարքերի և արբանյակային պատկերների միջոցով քարտեզագրվել են ծովի մակարդակից մինչև 1901.5 մետր նիշն ընկած մաքրման ենթակա ամբողջ տարածքները:

Դրանց վերլուծությունից նախարարությունը պարզել է, որ լճում մաքրման ենթակա է 909 հա ջրածածկ տարածք, որից 826 հա-ը ճահճապատ և ջրածածկ տարածքներ են։

«Պայմանավորված Սևանա լճում տեղի ունեցող կենսաքիմիական պրոցեսներով, ինչի արդյունքում լիճը «ծաղկում» է, այդ տարածքների մաքրումը համարվում է հրատապ և նախատեսվում է ավարտել 2021թ-ին»,-հայտնել է նախարարությունը։