Փետրվարի 8-ին ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը կասեցրել է Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն ներկրվող «Սեարա Ալիմենտոս» ընկերության արտադրության 7 տոննա թռչնամսի ներմուծումը:

Սահմանային պետական վերահսկողության շրջանակներում, որպես բարձր ռիսկայնություն ունեցող բեռ, մինչև ներմուծման թույլտվություն տրամադրելը, կատարվել է լաբորատոր փորձաքննություն, որի արդյունքում թռչնամսում հայտնաբերվել է սալմոնելա: Խմբաքանակի ներմուծումը կասեցվել է: Այն ենթակա է ոչնչացման։

Սահմանային վերահսկողության շրջանակներում՝ 2018թ. հունվար ամսվա ընթացքում հայտնաբերվել են մի շարք այլ անհամապատասխանություններ: Մասնավորապես՝ կասեցվել է Իրանի Իսլամական Հանրապետությունից ներմուծվող 1000 կգ կերակրի աղի և 100 կգ թխվածքաբլիթների ներմուծումը՝ սննդամթերքի անվտանգությունը հավաստող ուղեկցող փաստաթղթերի բացակայության պատճառով: Օրերս կասեցվել էր նաև Ռուսաստանի Դաշնությունից ներմուծվող՝ 22 տոննա մսոսկրային ալյուրի խմբաքանակը: Բոլոր նշված խմբաքանակները վերաարտահանվել են: