Բնապահպան Լևոն Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Թեղուտի հանքի վերջին երկու տարվա խրոնիկան. մաս 1-ին՝ մինչև հեղափոխությունը.

2017թ-ի հոկտեմբերի 16-ին Դանիայի «Արտահանումների վարկավորման գործակալությունը» (EKF) հրապարակում է պաշտոնական հաղորդագրություն այն մասին, որ Pension Denmark մասնավոր կենսաթոշակային հիմնադրամի հետ միասին դադարեցնում է դեռևս 2013թ-ին Թեղուտի պղնձամոլիբդենային հանքի շահագործման համար ՎՏԲ բանկի միջոցով «Վալլեքս» խմբին տրամադրած շուրջ 62 միլիոն ամերիկյան դոլարի չափով վարկը։

Վարկի դադարեցման մասին հաղորդագրության մեջ EKF-ը հիշատակում է հոտևյալ խնդիրները՝ ջրերի աղտոտումը, պոչամբարի հետ կապված խնդիրներն ու Ալավերդու պղնձաձուլարանի աշխատանքային պայմանների վատթար վիճակը, որոնք «Վալլեքսն» այդպես էլ չի շտկել դանիական կողմի բազմաթիվ զգուշացումներից հետո։

2018թ-ի հունվարի 18-ից տեղի բնակիչներն ու բնապահպաններն ահազանգում և տեսանյութեր են հրապարակում, որ մեծ քանակության պոչանքներ են բաց թողնվում Շնող և Դեբեդ գետերը։

«Վալլեքսը» միայն հունվարի 24-ին է արձագանքում այս ահազանգերին՝ իր հաղորդագրության մեջ նշելով, 2014թ. վերջին գործարկված «Թեղուտ» ՓԲԸ նոր լեռնահարստացուցիչ կոմբինատը, երեք տարվա անընդմեջ նախագծա-նորմատիվային բարձր ցուցանիշներով աշխատանքներից հետո, 2018թ. հունվարի 12-ից դադարեցրել է պղնձի և մոլիբդենի խտանյութի արտադրությունը՝ պլանային-կանխարգելիչ վերանորոգման աշխատանքների նպատակով։ Աշխատանքների դադարը կարող է տևել 2 ամիս և ավելի, քանի որ այդ ժամանակահատվածում պետք է լուծվի նաև պոչամբարի մեջ լցվող պոչանքների տեխնոլոգիական պարամետրերը նոր ստանդարտներին համապատասխանեցնելու խնդիրը։ Դա անհրաժեշտ կլինի հատկապես մոտակա տարիներին կոմբինատի պլանավորված զարգացման ընթացքում։

Դրանից 9 օր անց՝ փետրվարի 2-ին ընկերությունը նոր հաղորդագրություն է տարածում, որից պարզ է դառնում. կան բազմաթիվ այլ խնդիրներ, որոնք պահանջում են լուրջ հետազոտություններ, և մինչ ներգրավված մասնագիտացված կազմակերպություններին առաջադրված խնդիրների վերաբերյալ հիմնավոր համակարգային լուծումներ ստանալն ու դրանց կենսագործման վերաբերյալ որոշումներ կայացնելը, ընկերությունը ձեռնպահ է մնում ներկա ծավալներով հանքավայրի շահագործումից ու համապատասխան արտադրանք թողարկելուց։

Սակայն բոլորս լավ գիտեինք, որ գլխավոր խնդիրը պոչամաբարի պատվարի կայունության հարցն է և ընկերության ֆինանսական ծանր կացությունը, ինչը հետագայում ակնհայտ դարձավ և դա ստիպված եղավ ընդունել նաև «Վալլեքսը»:

Թե ի՞նչ եղավ հեղափոխությունից հետո՝ կներկայացնեմ արդեն 2-րդ մասում»: