««Սանիթեք»-ի՝ Թբիլիսիում ասուլիս անցկացնելու քայլը կարող է վնաս հասցնել ոչ միայն մեր քաղաքին, այլև՝ պետությանը». Դավիթ Խաժակյան
Կառավարության դիմաց ասուլիսի ժամանակ Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն անդրադարձել է «Սանիթեք» ընկերության՝ հուլիսի 31-ին Թբիլիսիում նախատեսված ասուլիսին:
«Ընկերությունը պատրաստվում է հարևան պետության մայրաքաղաքում պատասխանել լրագրողների հարցերին, մինչդեռ հայ հասարակությունը երկար ժամանակ սպասում է աղբահանության խնդրի լուծման, ոչ թե մեկնաբանությունների, այն էլ՝ Թբիլիսիում:
«Սանիթեք»-ի այս քայլը կարող է վնաս հասցնել ոչ միայն մեր քաղաքին, այլև՝ պետությանը: Խոսքը գնում է մի կազմակերպության մասին, որը հանդիսանում է օտարերկրյա ներդրող ու նրա կողմից հարևան պետության մայրաքաղաքում նման քննարկում անելն ազդելու է Երևանի հեղինակության վրա: Կոչ եմ անում ընկերության ղեկավարությանը զերծ մնալ այդ քայլից»:
Բանախոսը նշել է, որ մինչ այս պահն ընկերության կողմից որևէ բացատրություն չի տրվել, թե ինչո՞ւ է նման որոշում կայացվել.
«Այսքան ժամանակ «Սանիթեք»-ն իր խնդիրները բարձրաձայնելու խոչընդոտ չի ունեցել Երևանում... Չեմ կարծում, որ երևանյան աղբամանների պրոբլեմների մասին պետք է խոսել Թբիլիսիում»,- հավելել է Խաժակյանը:
Հիշեցնենք՝ երեկ հայտնի է դարձել, որ հուլիսի 31-ին «Սանիթեք» ընկերության ղեկավարները մամուլի ասուլիս են նախատեսում, որը տեղի կունենա Թբիլիսիում: Թե ինչու՞ Թբիլիսիում, ընկերությունից դեռ չեն պարզաբանել: