ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող «Նորքի տուն-ինտերնատին» մատակարարվել է ՊՈԱԿ-ի և «Գալիմա» մատակարար ընկերության միջև կնքված գնման պայմանագրի տեխնիկական բնութագրին չհամապատասխանող թթվասեր: Մատակարարված տարրաների պիտակների վրա նշված է եղել, որ արտադրանքը պատրաստված է կաթի փոխարինիչից:

Տուն-ինտերնատի տնօրինության կողմից անմիջապես կազմվել է համապատասխան արձանագրություն: Տնօրեն Արթուր Մելքոնյանը հրաժարվել է ընդունել թթվասեր ապրանքատեսակի խմբաքանակը, իսկ մածուն ապրանքատեսակից տեղում կատարված նմուշառության արդյունքներն ուղարկել է «Ստանդարտ դիալոգ» ընկերության լաբորատորիա՝ համապատասխան փորձաքննություն իրականացնելու խնդրանքով:

«Գալիմա» ընկերությունը պարտավորվել է 1-օրյա ժամկետում փոխարինել մատակարարված թթվասերը՝ տեխբնութագրին համապատասխանող ապրանքատեսակով:

Լաբորատոր փորձաքննության արդյունքներից պարզվել է, որ մածուն ապրանքատեսակը ևս չի համապատասխանում սահմանված տեխնիկական պահանջներին. Այն ևս պատրաստված է ոչ թե բնական կաթից, այլ կաթի փոխարինիչից:

Այս խմբաքանակի փոխարինման համար ևս «Գալիմա» ընկերությանը տրվել է մեկօրյա ժամկետ, որի խախտման դեպքում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը դիմելու է պայմանագրով նախատեսված պատժի միջոցներին: