«Վալլեքս» խմբի ընկերությունների հայտարարություն է տարածել Թեղուտի լեռնահանքային համալիրի պոչամբարի պատվարի անվտանգության հետ կապված որոշ հարցերի վերաբերյալ։

«Ամրագրվել է, որ առանց պո­չամ­բարի պատվարի կայունու­թյան մակար­դակի բարձրա­ցման և սեյսմիկ ու ստա­տիկ անվտանգության ապա­հով­ման Թե­ղու­տի լեռնահարստացուցիչ կոմբինատի հետագա շահագործումը կառաջացնի պատվարի ինքնա­փլուզ­ման իրական վտանգ։ Հետևաբար՝ անհրաժեշտ է անհետաձգելի քայլեր իրականացնել Թեղուտի լեռնահարստացուցիչ կոմբինատի պոչամբարի պատվարի կայունության և անվտանգության ապահովման ուղղությամբ», - ասված է հայտարարության մեջ:

Նշվում է, որ տրամադրված եզրակացությունների խորքային ուսումնասիրությունը վկայում է, որ պոչամբարի պատվարի անվտանգության ապահովման աշխատանքների կատարման անհրաժեշտությունը որևէ կերպ չի կարող նվազել պոչամբարի շահագործման ժամանակավոր դադարի արդյունքում։ Համաձայն տրված եզրակացությունների՝ պոչամբարի պատվարի կայունության վտանգներն էապես չեն նվազելու նույնիսկ նախագծայինից զգալիորեն ցածր ծավալներով արտադրողականությամբ կոմբինատի շահագործման դեպքում։

«Լիարժեքորեն գիտակցելով, որ ֆինանսավորող ՎՏԲ բանկը (այսուհետ՝ Բանկ) կարող է իրավիճակն օբյեկտիվ չգնահատել, և «Վալլեքս» խումբը կարող է կորցնել տասնամյակների ջանքերով ստեղծված լեռնահանքային համալիրը՝ մենք տարածաշրջանի ազգաբնակչության առողջության և կյանքի անվտանգությունը համարել ենք գերակա և 2018թ-ի հունվարի 12-ից կասեցրել ենք լեռնահանքային համալիրում հանքաքարի արդյունահանումն ու հարստացումը՝ զուգահեռաբար իրականացնելով առկա արտադրական հզորությունների, կոմբինատի սարքերի, սարքավորումների ևգույքի պահպանման ու դրա գործունակության ապահովման նպատակով ընթացիկ սպասարկման գործողություններ: Մենք մշտապես և օպերատիվորեն իրազեկել ենք Բանկին պոչամբարի հետ կապված խնդիրների, Թեղուտի լեռնահանքային համալիրի աշխատանքի անխուսափելի դադարեցման և վերսկսման նախապայմանների մասին», - ասված է հաղորդագրության մեջ:

2018թ-ի հուլիսի 23-ին Բանկին հասցեագրված հերթական նամակում «Վալլեքս» խմբի ընկերությունները ևս մեկ անգամ շահագրգռվածություն են հայտնել Թեղուտի լեռնահանքային համալիրում հանքաքարի արդյունահանման և հարստացման աշխատանքների վերսկսման հարցում՝ ընդգծելով, որ դա կարող է արվել բացառապես տեխնիկական և բնապահպանական միջազգային ստանդարտների պահանջների պահպանմամբ: Նույն նամակում ներկայացվել են նաև այն անհրաժեշտ քայլերը, որոնք կերաշխավորեն Թեղուտի լեռնահանքային համալիրի անվտանգ վերագործարկումը և երկարաժամկետ շահագործումը՝ նվազագույնի հասցնելով վերոհիշյալ ռիսկերը:

«Ցավոք՝ Բանկը բացահայտված իրական վտանգն օբյեկտիվորեն չգնահատեց, ինչի արդյունքում «Վալլեքս» խումբը կորցրեց Ընկերությանը պատկանող Թեղուտի լեռնահանքային համալիրի նկատմամբ վերահսկողությունը՝ հայտնվելով նաև Բանկի հետ բազմաբնույթ դատական վեճերում։ Հաշվի առնելով, որ խնդիրը վերաբերում է ՀՀ Լոռու մարզի մի շարք համայնքների ազգաբնակչության կյանքի և առողջության անվտանգությանը՝ պոչամբարի պատվարի կայունության խնդիրների մասին Ընկերությունը 2018 թվականի հուլիսին պաշտոնական նամակներով՝ համա­պա­տաս­խան հաշ­վա­ռում վարելու և հե­տագա վերա­հսկո­ղու­թյուն ապահովելու համար տեղեկացրել է ՀՀ Կառավարության լիազոր մարմիններին (բնապահպանության, արտակարգ իրավիճակների և նախկին էներգետիկայի և բնական պաշարների նախարարություններին) միաժամանակ տրամադրելով ներգրավված բոլոր մասնագիտացված կազմակերպությունների կազմած հաշվետվությունների պատճենները», - ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ պոչամբարի կայունության խնդրին առնչվող բոլոր վերոնշյալ հաշվետվություններն ու փաստաթղթերը Ընկերության գործունեությանը վերաբերող այլ փաստաթղթերի հետ միասին պատշաճ կերպով տրամադրվել են նաև Ընկերության՝ Բանկի նշանակած նոր ղեկավարությանը:

«Տեղյակ լինելով, որ Ընկերությունը՝ ի դեմս ներկա բաժնետերերի ու գործադիր մարմնի, փաստացի վերագործարկել է Թեղուտի լեռնահանքային համալիրը՝ հերթական անգամ հայտարարում ենք, որ «Վալլեքս» խումբը ներկայում այդ համալիրի նկատմամբ որևէ վերահսկողություն և (կամ) ազդեցություն չունի ու պոչամբարի պատվարի հնարավոր ինքնափլուզման կամ այլ անբարենպաստ իրավիճակի առաջացման դեպքում որևէ կերպ չի կարող պատասխանատու լինել դրա հետևանքների համար», - ասված է հաղորդագրության մեջ: