Հաշվի առնելով վերջին շրջանում հանրային հետաքրքրությունը «Սանիթեք»-ի գործունեության վերաբերյալ՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ՊԵԿ քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով քննվում է «Սանիթեք ինթերնեյշնլ» ՍՊ ընկերության և «Սանիթեք» ՍՊԸ հայաստանյան մասնաճյուղի վերաբերյալ նախապատրաստված նյութերով առանձնապես խոշոր չափերով հարկերը չվճարելու դեպքի առթիվ քրեական գործը, որը հարուցվել է դեռևս 2019թ-ի փետրվարի 22-ին:

Քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված անձինք չկան:

ՊԵԿ տարածած հաղորդագրությունում նշվում է, որ քրեական գործի նախաքննության ընթացքում «Սանիթեք» ՍՊԸ Հայաստանյան մասնաճյուղի և «Սանիթեք ինթերնեյշնլ» ՍՊ ընկերության կողմից կատարված իրավախախտումներն արձանագրելու, լրացուցիչ գանձման ենթակա հարկային պարտավորությունների վերջնական չափը պարզելու, մասնագիտական ստուգման ակտերով առաջադրելու, ինչպես նաև ընկերության ծավալած փաստացի գործունեության համապատասխանությունն օրենքներին և այլ իրավական ակտերի պահանջներին պարզելու համար նշանակվել են համալիր հարկային ստուգումներ, որոնք դեռևս ընթացքի մեջ են:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Հիշեցնենք, որ «Սանիթեք» ընկերությունը նախատեսում էր հուլիսի 31-ին ասուլիս անցկացնել Վրաստանում, սակայն այսօր ընկերությունը հաղորդագրություն տարածեց ասուլիսը Երևանում անցկացնելու վերաբերյալ։