«Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի կողմից շահագործվող Ագարակի պղնձամոլիբդենային հանքավայրում տեղի ունեցող պայթեցումների հետևանքով ՀՀ Սյունիքի մարզի Կարճևան բնակավայրի տները վնասվել են. առաջացել են ճաքեր, առաջացել է փլուզման վտանգ:

Պայթեցումների հետևանքով խիստ վնասվել է Կարճևանի բնակիչ Ա-ի տունը:

«Պայթեցումները երկրաշարժի նման են: Որ քնած լինես, ցնցումի վախից վեր կթռնես...Մեր տան ճաքած պատը ծածկել էինք ցեմենտով»,- ասել է երիտասարդ կինը՝ ցույց տալով տան վթարված հատվածները: Գրում է ԷկոԼուր-ը։

«Ամեն օր` ժամը 12:00-13:00 ընկած ժամանակահատվածում, զգոնանում ենք՝ պատրաստ լինելու հերթական ցնցումի դեպքում դուրս փախչել տնից»,- ասել է Ա-ն: Նա երեք երեխաների մայր է: Երբևէ որևէ փոխհատուցում կամ աջակցություն չի ստացել Ագարակի պղնձամոլիբենային կոմբինատի ղեկավարության կողմից:

Պայթեցումների հետևանքով ճաքել են նաև այլ կարճևանցիների տներ:

«Կարճևանում գրեթե բոլոր տները հողաշեն են՝ 50-60 տարի առաջ կառուցված: Փլուզման ռիսկը մեծ է, մենք վախի մեջ ենք ապրում: Մենք չգիտենք՝ արդյո՞ք այդ ցնցումները թույլատրելի սահմանում են: Չգիտենք՝ չափն անցե՞լ են, ի՞նչ պիտի դրա համար մեզ տան...»,- նշել են բնակիչները: