ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Մեղադրյալ Քոչարյանը հարցազրույց է տվել թերթերից մեկին և առաջիկա աշնանը ակտիվ արտախորհրդարանական գործընթացներ կանխատեսել։ Թեև նման մի կանխատեսում էլ նա արել էր նախորդ աշնան համար, այնուամենայնիվ, Քոչարյանի հարցազրույցը մարտահրավեր է Հայաստանի պետականությանը։

Վերջինս իր հարցազրույցում ուղիղ հայտարարում է՝ ամեն ինչ անելու է քաղաքականությունը փողոց դուրս բերելու համար։ Քոչարյանը ներկայանում է, ըստ էության, որպես հակահեղափոխության միավորող ու խորհրդանիշ։

Քոչարյանի համար քաղաքականությունը փրկության միակ ճանապարհն է՝ ինչպես իր դեմ հարուցված քրեական գործերի քաղաքականացման, այնպես էլ ունեցած ֆինանսական կարողությունների պահպանման առումով։

Քոչարյանի հարցազրույցը պետք է ազդակ լինի առողջ քաղաքական միավորների համար։ Երկրի դիմադրողունակության համար անհրաժեշտ է, որպեսզի ապագային միտված քաղաքական նախաձեռնություններն ու ուժերը իրենցով «ականապատեն» քաղաքական դաշտի բաց սեգմենտները, թույլ չտան պետությունն ու պետականությունը կործանման հասցրած ուժերին և գործիչներին վերադարձի հույս փայփայել։

Այդ առաքելության մեջ ամենամեծ դերը իշխանությանն էր, բայց վերջինս չկարողացավ և, ըստ ամենայնի, չի կարողանալու փակել անցյալի պատուհանը։ Երկրի թիվ մեկ մեղադրյալը խոսում է իշխանության հակառակորդների կոնսոլիդացիայի մասին, սակայն պետք է արձանագրել, որ որքան Քոչարյանն ավելի ակտիվ է դրսևորվում հրապարակային քաղաքականության տիրույթում, այնքան ավելի նկատելի է դառնում այդ ներուժի էֆեկտը հանրության համար, առողջ ու երկրի ապագայով մտահոգ ուժերի համախմբման համար։

Լինելով գործնականում Հայաստանի և Արցախի միջև վտանգների և մարտահրավերների ուժգնացնող քառորդդարյա գեներատորի առանցքային «մեխանիկներից» մեկը՝ Քոչարյանը անձնական պաշտպանության գործիք է դարձրել Հայաստանի ու Արցախի հանրությունների միջև անվստահության սերմը։

Զարմանալ, նույնիսկ ապշել կարելի է այն անկենդան սեգմենտի վրա, ում հետ աշնանային հույսեր է փայփայում գլխավոր մեղադրյալը, ովքեր իրենց հերթին Քոչարյանին են դիտարկում որպես միջոց իրենց վերակենդանացման համար։

Մեռելներն անտանելի են դառնում, իսկ Հայաստանի հասարակությունը կայուն և հիմնավոր համոզմունք ունի, որ Քոչարյանը հանցագործ է և երկիրը վերստին թալանելու, սպանելու, հետապնդելու և կեղեքելու նոր հնարավորություն նրան չի ընձեռելու»: