Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի նախագահ Մելիտա Հակոբյանը լրագրողների հետ հանդիպմանն ահազանգել է Երևանում իրականացվող վատ աղբահանության հետևանքով ժանտախտ հիվանդության առաջացման վտանգի մասին։

«Մենք ստանում ենք բավականաչափ շատ ահազանգեր։ Ես մի հասցեում աղբահանման պրոցեսի ներկա գտնվեցի։ Ուրեմն մոտավորապես 1-1.5 ամիս աղբը մնացել էր էդ տարածքում, դուք տեսնեիք ինչ կեղտաջրեր էին դուրս գալիս։ Համոզված եմ, որ դրանցում մարդկանց համար վտանգավոր միկրոօրգանիզմեր կային։ Սա խայտառակություն է, սարսափելի մի հոտ էր տարածվել»,- ասել է բանախոսը։

Մելիտա Հակոբյանը պատմել է, որ մի կին է զանգահարել ու պատմել, աղբի մոտ գտնվող առնետները բնակիչներին տեսնելուց էլ չեն փախչում։

«Սա շատ վտանգավոր բան է։ Եթե այդ առնետները մարդկանցից չեն վախենում, շատ մոտենում են, կարող են կծել։ Աստված մի արասցե, մեզ մոտ հանկարծ ժանտախտ տարածվի»,- մտահոգություն է հայտնել ակադեմիայի նախագահը։

Մ. Հակոբյանը քաղաքացիներին կոչ է անում հատկապես այս շոգ օրերին ձեռնպահ մնալ փողոցից սնունդ գնելուց։

«Դուք պատկերացնո՞ւմ եք, ձուկը վաճառում են 40 աստիճանի պայմաններում, արևի տակ։ Բա գնորդները հարց չե՞ն տալիս, թե ոնց է ձուկն այդպես թարմ մնում։ Մշակում են ֆարմալինով ու այլ նյութերով, ինչպես դիակները, որպեսզի չնեխի ու վաճառում են ազգաբնակչության վրա։ Խայտառակություն է դա։ Մեկ ասում են՝ չեն թողնում, մեկ էլ փողոցում ամբողջը հաց ու ձուկ է», - ասել է նա։